Մոնակոյում սեպտեմերի 2-3-ը նախատեսված են Հայաստանի օրեր, որի շրջանակում Օպերա դե Մոնտե Կառլոյում կկայանա բարեգործական համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին: Համերգը լինելու է համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի և աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մասնակցությամբ: Նախատեսված է նաեւ հայկական կոնյակների և գինիների համտես, հայկական լյուքս դասի ապրանքանիշների ցուցադրություն::

«1974թ. Արամ Խաչատրյանը հենց այդ համերգասրահում է առաջին անգամ հանդես եկել: Այժմյան համերգը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին: Համերգասրահի նախասրահում համերգից առաջ կկազմակերպվի Արամ Խաչատրյանի լուսանկարների ցուցահանդես միջազգային հեղինակությունների հետ: Համերգը բարեգործական բնույթ ունի: Այն միտված է աջակցելու Հայաստանում գործող «Օգնեմ» և «Ֆոնդ 100» հիմնադրամներին», -լրագրողների հետ հանդիպմանն ասել է «ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO» խորագրով միջոցառման նախաձեռնող և կազմակերպիչ Վրույր Փենեսյանը:

Երգչուհի Հասմիկ Պապյանը նշել է, որ որ ուրախ է Մոնտե Կառլոյի օպերային թատրոնում նման համերգի հնարավորության համար: «Շատ ուրախ եմ, որ առիթ ունեմ նորից վերադառնալ «Մոնտե Կառլո» օպերային թատրոն, հանդես գալու այսպիսի բացառիկ համերգով: Պետք է ասեմ, որ այս օպերային թատրոնն ընդհանրապես Եվրոպայի համերգասրահների, թատրոնների մարգարիտներից մեկն է», -ասաց երգչուհին:

Հասմիկ Պապյանը «Մոնտե Կառլո» օպերային թատրոնում երգել է նաև 2009 թվականին: Հիշեցնենք, որ Հասմիկ Պապյանը օրերս արժանացավ «Ոսկե ծիրանի» պատվո մրցանակին:

Ալեն Ավագյան