Հուլիսի 13-ին ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավար Արտավազդ Գալստյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է թույլ տվել։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում վարչության քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Արագածի բաժնի աշխատակիցների հետ, պարզել են, որ 2014-2017թթ. ընթացքում համայնքապետարանը կեղծ պայմանագրեր է կնքել գյուղի մի քանի բնակիչների հետ, որ նրանց պատկանող մեքենաները համայնքային նպատակներով շահագործվեն: Սակայն մեքենաները չեն շահագործվել, իսկ պայմանագրով նախատեսված գումարները Գալստյանը յուրացրել է։

Պարզվել է նաև, որ տարբեր տարիներին Գալստյանը տեղակալ է հրամանագրել երկու հոգու, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ աշխատավարձերը համայնքապետը յուրացրել է։ Միաժամանակ հաստատվել է, որ Արտավազդ Գալստյանը տարբեր ժամանակներում գյուղացիների համար անվանական դրամական օգնություններ է ձևակերպել, բայց այդ գումարները շահառուներին չեն վճարվել: Նա կեղծել է բնակիչների ստորագրությունները, յուրացրել ողջ գումարը։

Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավարը 2010-2017 թթ․ ընթացքում կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով յուրացրել է նախնական հաշվարկով շուրջ 4,5 մլն դրամ։ Ձեռնարկվում են միջոցառումներ Արտավազդ Գալստյանին հայտնաբերելու ուղղությամբ։

                                                                                                                                    Սոնա ԳԻՇՅԱՆ