-«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը ներեկեղեցական խնդիր է։ Սա ակնարկում են նաև այն հոգևորականները, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի, -այսպիսի եզրահանգման է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյայանը՝ հետևելով Մայր Աթոռի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Եվ իրոք, քահանաներից շատերը հստակ արձանագրում են՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերջին տարիներին հեռացել է սեփական ժողովրդից և դադարել է հավատ ներշնչել իր կերպարով և գործունեությամբ։ Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ ժողովրդի մեջ միշտ էլ տարբեր խոսակցություններ են պտտվել բամբասանքների ձևով, բայց երբ հնչում են նման արտահայտություններ հոգևոր հայրերից, պարզ է դառնում, որ կան ցցուն փաստեր, տարիների կուտակված խնդիրներ, որ լուծում չեն ստանում եկեղեցական տիրույթում, ավելին՝ դառնում են պառակտման և ընդվզումների պատճառ։ Թերևս սրանք բավարար են ավելի խորը քննության ենթարկելու համար կաթողիկոսի կերպարը և գործունեությունը, բայց ոչ փողոցային միտինգների ու «ռազբորկաների» մակարդակով։

Հիրավի վերջին բախումներին (երիտասարդ եկեղեցականների և կորյունականների միջև), ինչպես նաև Գնդեվանքի ճանապարհին կատարվածին նման ձևակերպում տալ կարելի է, որոնք դուրս են գալիս տրամաբանության սահմաններից և հատում են անթույլատրելիության սահմանները։ Երևի հենց այս մտավախությունից ելնելով և հստակ տեսնելով եկեղեցու րոպե-րոպե խորտակվող հեղինակությունը՝ Մայր Աթոռի դեռևս լռող սպասավորները ստիպված եղան դուրս գալ «չեզոք դաշտից»՝ հոգևորից սահուն անցում կատարելով աշխարհիկ բուռն կրքերով ու քոմենթներով սոցիալական կայքեր։

Հստակ է, որ վերջիններս կողմնորոշվել են իրենց դիրքորոշումում և պատրաստ են «հաշիվ պահանջել զրպարտիչներից» ու ոչ մեկ թող չասի, որ «հոգևորականը պիտի խոնարհ լինի», քանզի քահանաներն էլ «եկեղեցու զինվորներն են և հարկ եղած դեպքում իրենց արյամբ կպաշտպանեն Սուրբ Եկեղեցին»։ Գրառումներից և հնչեցրած կոչերից պարզ է դառնում, որ Հայրապետին գահընկեց անելու փողոցային պայքարը ունի արժանի հակառակորդ՝ ի դեմս ճեմարանում կրթված և Գարեգին Բ կաթողիկոսի «օրհնությունը ստացած» հոգևորականների, ովքեր լավ են գիտակցում, որ այս հակամարտությունը կարող է դառնալ պայքար ոչ թե անձի, այլ՝ մի ամբողջ համակարգի դեմ, ինչը, իր հերթին, պայթունավտանգ է ու անկանխատեսելի․․․Ուստի երկրիս ոստիկանությունը աչալուրջ հետևում է, իսկ տեղ-տեղ միջամտում, որ հոգևորը չդառնա աշխարհիկ, կաթողիկոսը՝ աթոռիկոս․․․

Հ․Գ․ Ինչևէ, երկու կողմերն էլ ջերմեռանդ «աղոթում են», բայց չեն մոռանում, որ դրսում 21-րդ դարն է և պայքարի գործիքակազմում բացի խաչից ներառված են նաև բռունցքներն ու համացանցը։

                                                                                                              Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ