Ինչպես ՊԵԿ-ի կողմից արդեն հաղորդվել է մամուլում, «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊԸ-ներում, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավտոգազ» ՍՊԸ-ում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 14,9 միլիոն, 168,4 միլիոն, 79,4 միլիոն , 53 միլիոն, 25,7 միլիոն, 349,5 միլիոն և 58,7 միլիոն ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով վերոհիշյալ ընկերությունների սեփականատերերին` հայտնել էր, որ ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կանդրադառնա վերջիններիս պատկանելության խնդրին:

Շատերի համար գաղտնիք չէ, որ հասարակության մեջ այս կամ այն հայտնի անձնավորության հետ կապվող ընկերությունները շատ հաճախ փաստաթղթերով պատկանում են այլ ֆիզիկական անձանց: Մեր օլիգարխների հնարամտությունը չափ ու սահման չի ճանաչում, նրանք շատ «կանոնավոր» կերպով կարողանում են իրենց աշխատողներին օգտագործել իրենց բիզնեսները նրանց անուններով ձևակերպելու համար: Մանվելի Գրիգորյանի ու Սամվել Ալեքսանյանի (Լֆիկի) օրինակներն էլ որպես ապացույց: Մյուս կողմից էլ՝ պետական հաշվառումն ու գրանցումն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: ՊԵԿ-ն էլ հուսադրում է՝ վերոնշյալ ընկերությունների փաստացի սեփականատերերի մասին տեղեկատվությունը կարող է հաստատվել քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա միայն: Այսինքն՝ մեզ ուղղակի ասում են՝ սպասե'ք: Դե, մեզ էլ մնում է նստել ու սպասել իրադարձությունների հետագա ընթացքին ու նոր թղթապանակների ի հայտ գալուն:

Ալեն ԱՎԱԳՅԱՆ