Վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում բարձրացվել են հարցեր, որոնք նախորդ երկու հարց ու պատասխանի ժամանակ էլ էին հնչել: Դրանցից մեկը վարկերի տոկոսագումարների իջեցմանն էր վերաբերում։ Քաղաքացու մտահոգությունը վարչապետն ընդունելի համարեց և արձանագրեց՝ այդ ուղղությամբ որոշակի քայլեր արդեն արվում են. «Հիմա փորձում ենք սոցիալական նշանակության հիփոթեքային ծրագիր իրագործել։ Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա կկարողանանք հիփոթեքի տոկոսագումարներն աննախադեպ ցածր մակարդակի իջեցնել։ Հիփոթեքային ծրագրի շրջանակում աշխատում ենք նաև երկարաձգել վարկի մարման ժամկետներն ու կանխավճարի ճկուն համակարգ ներդնել։ Խնդիրն այն է ուղղակի, որ վարկային կազմակերպությունների հետ լուրջ խնդիրներ ունենք, բանկային համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պարզվեց, որ այդտեղ շատ են խարդախությունները»։

Հերթական հարցի հեղինակը հետաքրքրվում էր, թե Հայաստանում, ինչպես բազմաթիվ երկրներում է, երբ հնարավոր կլինի անվճար բժշկական ապահովագրություն ստանալ։ Վարչապետը նկատեց՝ ոչ մի երկրում չկա անվճար բժշկական ապահովագրության համակարգ, որը բոլորի վրա տարածվի. մեզ մոտ այն գործում է պետական ծառայողների համար, ովքեր ունենք սոցիալական փաթեթ։ Այս ուղղությամբ, սակայն, ինչպես նկատեց Նիկոլ Փաշինյանը, առաջնահերթ լրացնելու բաց կա. սոցիալապես անապահով վիճակում գտնվող ՀՀ քաղաքացիները չպետք է մնան «հիվանդանոցների դռանը», նրանք ևս արագորեն պետք է ընդգրկվեն բժշկական ապահովագրության համակարգի մեջ։ Հարցին լուծում տալու համար պետք կլինի հավելյալ 8 միլիարդ դրամ։ Ի դեպ, վարչապետի մոտ այսօր այս թեմայով քննարկում է լինելու։

Հաջորդ օգտատերը, ում հարցը ևս իր պատասխանը գտավ, ՀՀ իսկական կոռւպցիոներներին էր վերաբերում։ Հարցի հեղինակը մասնավորապես հետաքրքրվում էր, թե երբ են իրավապահները գնալու իսկական կոռուպցիոներների հետևից։ Հարցին վարչապետ Փաշինյանը մի փոքր ընդհանրական, բայց կոշտ պատասխան տվեց. «Կոռուպցիայի մեջ ներքաշված մարդկանց բացահայտումը իրավապահների գործն է, ես չեմ հրահանգում՝ ում բռնեն, կամ ում հետևից առաջինը գնան, բայց վստահեցնում եմ՝ ժողովրդից գողացված յուրաքանչյուր կոպեկի հետևից գնալու ենք։ Կոռուպցիայի դեմ պայքարը հետևողականորեն է լինելու։ Իրավապահ ոչ բոլոր մարմիններն են կոռուպցիայի դեմ պայքարում բավարար չափով արդյունավետ գործում։ Այն մարմինները, որոնք առավելագույն արդյունավետություն ցուցաբերեն, շնորհակալ կլինենք, իսկ ովքեր՝ ոչ, ստիպված կլինենք վիրահատական միջամտություն ցուցաբերել, իհարկե՝ օրենքի տառին համապատասխան»։

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով հետաքրքրվողները, ինչպես նախորդ անգամները, այս անգամ էլ շատ էին։ Վարչապետը սահմանային լարվածության փաստը չհերքեց. այն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա առկա է, հրադադարի ռեժիմի խախտումների վիճակագրությունը մտահոգիչ չէ, բայց լարվածությունն էլ չի թուլանում։ «Զինվորականներն ասում են, որ ունեն սանդղակ, որը չափանիշ է, և այդ սանդղակից վերև խախտումները վտանգավոր են, իսկ սանդղակից ներքև խախտումները վտանգավոր չեն: Իմ վարչապետ դառնալուց հետո այս սանդղակից շատ քիչ վերև մաքսիմում չորս դեպք է եղել, բայց ռազմաքաղաքական իրավիճակն է լարված: Ինքներդ եք տեսնում, թե որքան են ագրեսիվ Ադրբեջանի հայտարարությունները, և ես հրահանգել եմ ծայրահեղ զգույշ լինել և ցանկացած պահի պատրաստ Ադրբեջանի կողմից ցանկացած պրովոկացիայի », -ասաց Նիկոլ Փաշինյանը:

Սահմանային կուտակումներին անդրադառնալով՝ վարչապետը նկատեց, որ դա մեծապես պայմանավորված էԱդրբեջանի ներքաղաքական զարգացումներով, ըստ ամենայնի՝ Ալիևը վախենում է, որ Հայաստանում տեղի ունեցած զարգացումները կտարածվեն նաև իր երկրում և սահմանային լարվածության միջոցով փորձում է կանխել Ադրբեջանում իր համար անցանկալի զարգացումները։ Այնուամենայնիվ, վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ զգոնությունը թուլացնելու իրավունք ոչ ոք չունի։ Նրա այդ օրվա գլխավոր ուղեձն էլ էր այդ համատեքստում. «Յուրաքանչյուր հայ՝ աշխարհի ցանկացած մասից, ցանկացած պահի պետք է պատրաստ լինի ամեն ինչ թողնել ու զբաղվել հայրենիքի պաշտպանությամբ»։

Հաջորդ հարցը, որին անդրադարձավ վարչապետը, այնքան հավանում չէր հավաքել, որքան որ կարևոր էր բովանդակային առումով։ Հարցի հեղինակը նշում էր, որ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողները սոցիալական ծանր վիճակից դրդված արտագաղթել են։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, նկատեց, որ դա սխալ տեղեկություն է, քանի որ Աբաջյանի ծնողներն ու եղբայրը դեռևս որդու զորակոչվելուց առաջ էին արտագաղթել։ Վարչապետը նաև տեղեկացրեց, որ հունիսի 30-ին ինքն անձամբ հանդիպել է Աբաջյանի հոր հետ, հարցուփորձ արել հերոս որդու կյանքից, նրա անցած ճանապարհից ու նշել, որ ցանկալի կլինի, եթե Ռոբերտ Աբաջյանի ծնողները վերահաստատվեն Հայաստանում։

Կարևորելով Արցախյան ազատամարտի ու Քառօրյայի հերոսների հանդեպ առանձահատուկ վերաբերմունքը՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց. «Ռոբերտն ու ընկերները պետք է ուղենիշ լինեն բոլորիս համար։ Հանուն հայրենիքի ապրելու և զոհվելու պատրաստակամությունը գիտակցական ամենաբարձր մակարդակն է, որ կարող է ունենալ մարդը»։ Իսկ հայրենիքի պաշտպանության բոլոր այն մասնակիցները, ովքեր ինչ-ինչ պատճառներով զրկվել են կամ չեն կարողացել մինչև հիմա օգտվել իրենց հասանելիք արտոնություններից, վարչապետը հորդորեց հետևողական լինել ու օրենքով սահմանվածը ստանալ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ