«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը զգալիորեն նվազել է: Ըստ քաղաքագետի՝ այդ հանգամանքը մի քանի պատճառ ունի: «Առաջինը ներքաղաքական իրավիճակն է Ադրբեջանում: Այսինքն, այն, ինչ տեղի է ունենում Գյանջայում, Սումգայիթում՝ ձերբակալություններ եւ բախումներ: Սա շատ լուրջ ներքին մարտահրավեր է Ադրբեջանի համար, եւ նման իրավիճակում պատերազմ սկսելը նշանակում է մեծ ռիսկի գնալ», -պարզաբանում է Պապյանը:

Քազաքագետի ներկայացմամբ եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հաջողվի հասարակությանը համախմբել արտաքին թշնամու դեմ, ապա այդ խնդիրը կարելի է ժամանակավորապես լուծել: Այնուամենայնիվ, Ադրբեջանում նման մոբիլիզացիա չկա, քանի որ այնտեղ շատ սուր է դրված շիաների ու սուննիների բաժանման հարցը, ինչպես նաեւ՝ այս անդրկովկասյան հանրապետությունում բնակվող լեզգինների, թալիշների եւ այլ ժողովուրդների հետ կապված ազգամիջյան խնդիրները: Բացի այդ, ըստ Պապյանի, Բաքվում լուրջ տնտեսական խնդիրներ կան, եւ դրանք շատ ավելի լուրջ են, քան կարող է թվալ առաջին հայացքից: «Մեկ տրանսֆորմատորի շարքից դուրս գալն Ադրբեջանի կեսին զրկեց էլեկտրաէներգիայից», -ասել է Արա Պապյանն ու հավելել, որ ոչ պակաս կարեւոր է արտաքին քաղաքական համատեքստը, որի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստիպված է հաշվի նստել:

Սոնա ԳԻՇՅԱՆ