Երևանի ավագանու այսօրվա նիստին փոխքաղաքապետ Կամո Արեյանը 30 րոպե առաջ հայտարարված ընդմիջումից վերադառնալուց հետո տեղեկացրեց, որ եթե ավագանու նիստին քվորում չի ապահովվում՝ հայտարարվում է ընդմիջում, իսկ եթե ընդմիջումից հետո էլ ավագանու անդամների թիվը բավարար չի լինում՝ նիստը համարվում է չկայացած։

«Այս պահի դրությամբ Երևանի ավագանու նիստին քվորում չկա, նիստը համարվում է չկայացած», -հայտարարեց Կամո Արեյանը։

Ըստ «Երևանի մասին» օրենքի՝ քաղաքապետի պաշտոնի թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրն օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։ Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները: Մեկ թեկնածուով Երևանի քաղաքապետ չի ընտրվում, ավագանին ցրվում է, և կառավարությունը նշանակում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ: Տեղեկացնենք, որ քաղաքապետի միակ թեկնածուն Զարուհի Փոստանջյանն էր, իսկ ՀՀԿ-ն և ԵԼՔ-ն ավելի վաղ հայտարարել էին նիստը բոյկոտելու մասին:

Այսօրվա նիստին ներկա էին ավագանու 5 անդամ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամներ, անկախ ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը։