«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնն արդեն պատմության գրկում է: «Արամ Խաչատրյան» համերգասրահում կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությանը ժյուրին ամփոփեց մրցութային ծրագրի արդյունքները՝ հայտարարելով մրցանակակիրների անունները:

«Ոսկե ծիրան» պատվո մրցանակը տրվեց հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին:

FIPRESCI-ի կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի մրցանակը բաժին հասավ Մարիամ Խաչվանի «Դեդե» ֆիլմին:

Լավագույն սցենարի համար «Հայկական համայնապատկեր» մրցույթում Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը տրվեց ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի «Մայրամուտի բեռնատարը» կինոնկարին:

«Եվա» կինոժապավենում դերակատարման համար լավագույն դերասան ճանաչվեց Շանթ Հովհաննիսյանը:

Լավագույն դեբյուտի համար մրցանակի արժանացավ Արթուր Սահակյանի «Քամու հետ» ֆիլմը:

«Անահիտ» մրցանակը լավագույն կինոնկարի համար տրվեց կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմին:

Վավերագրականի մրցույթում «Հատուկ հիշատակում» համարվեց Վախթանգ Կունցև-Գաբաշվիլիի «Հատուկ աշխարհ» ժապավենը:

«Արծաթե ծիրանը» տրվեց Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա…» կինոնկարին:

«Ոսկե ծիրան» պատվավոր մրցանակը հանձնվեց Շևաուն Միզրահի «Հեռավոր համաստեղություն» ֆիլմին:

Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում «Արծաթե ծիրանը» տրվեց Ժերմինալ Ռոոյի «Ֆորտունա» կինոժապավենին: «Ոսկե ծիրանի» արժանացավ Ռոման Բոնդարչուկի «Հրաբուխ» ֆիլմը:

Հ.Գ. Մեր իրականության մեջ իսկապես շատ քիչ են հպարտանալու առիթ հանդիսացող մշակութային իրադարձությունները: «Ոսկե ծիրանն» այն եզակի մշակութային իրադարձություններից է, որը հնարավորություն է տալիս հայ ֆիլմասերներին վայելելու այս տոնը , իսկ Հայաստանում և Սփյուռքում գործող, ինչպես նաև աշխարհահռչակ ռեժիսորների և դերասանների համար հանդիսանում է հարթակ իրենց աշխատանքները ներկայացնելու համար : Գովելի են կազմակերպիչների և ստեղծագործական թիմի ջանքերն ու նախաձառնողականությունը կինոփառատոնի շարունակականության և կատարելագործման համար:

Ալեն ԱՎԱԳՅԱՆ