Ամերիկյան աշխարհահռչակ Time ամսագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարության խաչակիր է անվանել: Ամսագիրը հոդված է հրապարակել «4 խաչակիրներ, ովքեր վառ են պահում ժողովրդավարության մասին երազանքը» վերնագրով:

«Այսօր աշխարհում ամեն երրորդն ապրում է ավտորիտար ռեժիմի ներքո, իսկ շատ-շատերի ժողովրդավարական ազատությունները զգալիորեն սահմանափակված են, սակայն ազատության ձգտումը կարող է միլիոնավոր մարդկանց մղել ոտքի կանգնել եւ ձայն պահանջել իրենց կառավարման մեջ: Իմ ժողովրդի սերն է ստիպել ինձ դուրս գալ խորհրդարանական խմբակցության առաջնորդի հարմարավետ գրասենյակից եւ 20 գիշեր անցկացնել անտառներում, փողոցներում, վրանի մեջ՝ բողոքելով Սերժ Սարգսյանի կառավարման դեմ», -հոդվածում վարչապետի խոսքերի մեջբերումն է անում Time-ը:

«Մեզ համար ժողովրդավարությունը տարածաշրջանային շահերի կամ արտաքին քաղաքական կողմնորոշման բաղադրիչ չէ, այլ արժեքների ու համոզմունքների արտացոլում։ Ես հավատում եմ, որ Հայաստանը կդառնա աշխարհի հզորագույն ժողովրդավարական երկրներից մեկը», -ասել է Փաշինյանը:

Հատկանշական է, որ բացի Փաշինյանից, մյուս երեք «խաչակիրները» կանայք են՝ Տոգոյում նախագահի դեմ պայքարող ակտիվիստ, բլոգեր Ֆարդիա Նաբուրեման, Նոբելյան մրցանակակիր, Արաբական գարնան թունիսցի ակտիվիստ Ուիդիդ Բուշամաուին և Նիկարագուայում բռնապետության դեմ պայքարող Էնրիֆ Մարտինեսը: