Փրփուրնե՜րս, փրփուրնե՜րս, ՀՀԿ-ի փրփուրնե՜րս
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, այդպես էլ չաճած Կարինե Աճեմյան. ‹‹Որքան էլ այսօր մեզ քննադատեն, Հայաստանում ամենակայացած քաղաքական ուժը ՀՀԿ-ն է՝ իր կառույցներով, գաղափարախոսությամբ, անցած ճանապարհով››:

Սույն գեղանուշ տիկնոջը խստորեն չեմ պատասխանում, պարզապես անդրադառնում եմ անկախ Հայաստանի ամենամեծ քաղաքական ֆարսին, ՀՀ թիվ 1 գրանցված քաղմարմին ՀՀԿ-ի անցած ճանապարհին: Սրանով իսկ հորդորում եմ հանրապետական կուսակցության դեռևս պատմական, պահի ընկալումը չկորցրած անդամներին՝ ինքնալուծարվել, ուրիշ ոչինչ:

Եվ այսպես՝ ՀՀԿ-ն նախ արմատական ընդդիմություն էր ՀՀՇ-ին, կայացրել էր հանրահայտ ‹‹Անկախության բանակ›› զորամիավորումը և կառուցում էր իր երազանքի ազգային պետությունը: Սակայն մի գիշերվա մեջ (1993-ի ամպամած նոյեմբեր ամսին) ՀՀԿ քաղխորհրդի կեսգիշերային նիստում արմատական-ազգայնական կուսակցությունը պատերազմ հայտարարեց սեփական դավանանքին և փարվեց երեկվա հակառակորդ ՀՀՇ-ին: Անշուշտ սույն պատմաքաղաքական դարձը զուտ գաղափարական էր ու խստագույնս պահանջում եմ, որ հակառակը պնդողներ չլինեն, իսկ թե ինչու էր գաղափարական, ասեմ՝ պարզապես իշխող ուժը Տեր-Պետրոսյանի շռայլ հոգածության շնորհը թափեց նախկին հակընդդեմ ուժի գլխին՝ նրան նվիրաբերելով երկրի ամենաշահութաբեր օբյեկտներից մեկը, անխափան փող տպող մի հսկա սարք, «Հրազդան» մարզադաշտին հարակից տոնավաճառը:

1995-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակից դուրս հորդեց ճերմակ շապիկով և սև փողկապով պճնված հրոսակախումբը և Աշոտ (Բուռնաշ) Աղաբաբյանի հրահանգով (զինված գլաքարերով և մետաղյա ձողերով), հարձակվեց ՀՀ ընդվզած քաղաքացիների վրա:

1996-ին այս պատմությունը կրկնվեց:

Ժամանակ անց, հանուն անկախ պետականության ամրապնդման, ՀՀԿ-ն ծվարեց Վազգեն Սարգսյանի ներքնագրպանում: Հետո ելավ գրպանից դուրս, միացավ Կարեն Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ին, ամուր դիրքավորվեց խորհրդարանում, այնուհետև անսասան տոկունությամբ դավեց Կարեն Սերոբիչին կորցրած քաղաքական հզոր ուժին, հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի ծոցագրպանում, լիարժեք կիսեց իշխանությունը, համալրեց շարքերը բազում մանկավարժներով, թաղի խուժանով, գործարար հանցաշխարհի պարագլուխներով…

2008-ից ՀՀԿ-ն հանրապետության քաղաքական մենաշնորհատերն էր մինչև 2018-ի գարունը: Ասել է թե մինչև այն ժամանակը, երբ երկրի վրա հրավառ պարզվեց Նիկոլյան դարաշրջանի թանձր վուալը ու բոլորս խանդավառ օրը սկսում ենք «Տէր, կեցո զհայս» ամենափրկիչ հույսի աղոթքով: