Տեղեկանք -ՀՀԿ-ն իշխանական, աջ-կենտրոնամետ կուսակցություն է։ ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության մեջ ընդգրկված էր 52 պատգամավոր։ Սեփական տվյալներով այն ունի շուրջ 140.000 անդամ։

Ծանոթություն -Տվյալները շա՜տ թարմ են, բայց արդեն սրբագրման շա՜տ մեծ կարիք ունեն:

Հարգելի՛ ընթերցասերներ, ձեր խոնարհ ծառան ուղիղ քառորդ դար առաջ՝ 1993 թվականին, ՀԿԿ առթիվ ահա թե ինչ էր գրել. «Կորել է Հայաստանի կոմունիստական կուսակցության 300 000 անդամ: Համարել անվավեր»:

Հարգելի՛ ընթերցասերներ, ձեր նույն խոնարհ ծառան այսօր ՀՀԿ առթիվ ահա թե ինչ է գրում. «Կորել է Հայաստանի հանրապետական կուսակցության շուրջ 140 000 անդամ» համարել անվավեր:

Էսպես որ գնա, ՀՀԿ-ից միայն Գալուստ Սահակյանը կմնա, այն էլ՝ որովհետև էդ մարդը խառնում է առաջն ու հետոն, այստեղն ու այնտեղը և ուստի կմնա, քանզի չի կռահի, որ մնացել է նույն տեղը. ինքը կկարծի, թե ՀՀԿ-ում չէ, արդեն ուրիշ տեղ է:

Դե ինչ, էդ մարդկանց մի բան էր միավորում՝ կռիշը, էն էլ գնացել է: Մինչև էդ, ճիշտ է, տեղում էր, կաթում էր, բայց իրենք խոսքն էդ կտուրն էին գցում, թե՝ «Անձրև է գալիս»:

Բայց հիմա արդեն չեն կարող ասել, թե՝ «Անձրև է գալիս», որովհետև կարկուտ է գալիս. ով մի տեղ չգտավ-չպատսպարվեց, կարկտածեծ կլինի: Այնպես որ մարդկանց մի՛ մեղադրեք: Գոյության խնդիր ու գոյատևելու հարց է կոնկրետ դրված: Կամ պիտի Նիկոլին համոզեն, որ իրենք լավն էին, իրենց Սերժն ու Սերժենք էին փչացրել, կամ չպիտի կարողանան համոզել, ու «գուդ բայ Արմենիա, գուդ բայ իրենց ստնտու մայր Հայաստան», եթե, իհարկե, Փարիզի, Լոնդոնի չվերթերն էլի համը չհանեն: Էդ դեպքում արդեն մնում է մի տարբերակ՝ «պլաստիկ վիրահատություն»: Նայում ես մարդուն, զգում ես, որ ծանոթ է, բայց տեղը չես բերում՝ ով է: Մեկ էլ մոտենում է ինքը, Դիմա Մալիկովից փարթամ մազերով, ու սկսում խոսել, ու ա՛յ էդ «աշ-աշ» խոսելուց նոր տեղն ես բերում, որ Արմեն Աշոտյանն է: Կամ նայում ես մարդուն ու էլի զգում, որ ծանոթ է, բայց էլի տեղը չես բերում: Հանկարծ էդ «անծանոթը» բերանը բացում, հարցնում է. «Էսօր ամսի քանի՞սն է»: Ասում ես՝«31-ը»: Ասում է. «Բա վաղը՞»: Ասում ես՝ «32-ը»: Ասում է՝ «շնորհակալություն» ու թողնում-գնում է, ու դու նոր ես գլխի ընկնում, որ այդ «անծանոթն» ուրիշ ոչ ոք չէր կարող լինել Գալուստ Սահակյանից զատ: Կամ մեկին փողոցում լակոտները ձեռ են առնում, քաշքշում, «ջրազենով» կրակում, իսկ սա անընդհատ շնորհակալություն է հայտնում, ու ասում, «Ապրե՛ք, շա՛տ ապրեք, մենակ էդ «զենքը» տարեք, անպայման ԱԱԾ հանձնեք. շա՜տ կուլտուրական օջախ է, շա՜տ, շտապ տարե՛ք»: Ու արդեն էլ ոչ մի հարց չկա, թե «ա-լյա Ալ Պաչինո» պատկերն ընդունածն ով է. Շմա՛յսն է, էլ ո՞վ է:

Կամ BBC-ով հաղորդում են, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նորանշանակ նախարարը ողջ երկրի բյուջեն Անգլիա-Խորվաթիա խաղի նախօրեին «Վիվարոյում» դրել է, բնականաբար, Անգլիայի վրա, ու հաջորդ օրը նոր պարզվում է, որ նման բան էս աշխարհում միայն մի՛ հոգի կաներ. ապրե՛ք, «ա-լյա Բորիս Ջոնսոն» պլաստիկա արած Արան… Վարդանյան, որ, որպես բացառություն, կարողացել էր օդանավ նստել, ճողոպրել, թռչել:

Իսկ առհասարակ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը լավ բան չեն անում: Էրեխեքին մանկատուն գցած ծնողի հանգույն միայն իրենց մասին են մտածում: Սա մի անուն ունի՝ «հանցավոր անտարբերություն»: Հիմա, օրինակ, էն Հերմինե Նաղդալյանն ի՛նչ պիտի անի. հազար չուզող ունի ու ոչ մի ուզող, որ դրա դուռն ընկնի: Կամ էն խեղճ Հրանուշն ի՞նչ պիտի անի. «պարտիան ու կամսամոլը թարկեց», ձեր գիրկն ընկղմվեց, իր անաղարտությունից հրաշքով փրկված մասունքները ձեզ զոհաբերեց, դուք էդ կամսամոլից վատթա՛ր դուրս եկաք: Չես ամաչո՞ւմ, ա՛յ… ՀՀԿ «կտուր», տակդ եղածներին սարքեցիր համակ կամ «бомж», կամ պանդուխտ:

Առհասարակ ողջ իր գործադիր մարմինը հիմա, լրիվ դուրսն ընկած, կապտած, ի՞նչ պիտի անի: Հապա լսեք, թե ի՜նչ անուններ են.

«Սարգսյան Սերժ Ազատի,

Կարապետյան Կարեն Վիլհելմի,

Աշոտյան Արմեն Գևորգի,

Լալայան Մուշեղ Արծրունու,

Սահակյան Գալուստ Գրիգորի (Գալո՜ւստ),

Թադևոսյան Ռուբեն Հրաչիկի,

Ավագյան Կարեն Կառլենի,

Բաղդասարյան Վահրամ Վաղինակի,

Բեգլարյան Գագիկ Բեգլարի,

Կարապետյան Կարեն Սարգսի,

Հակոբյան Հրանուշ Հրանտի,

Հարությունյան Դավիթ Էդոնիսի,

Հովհաննիսյան Արփինե Աշոտի,

Մարգարյան Տարոն Անդրանիկի,

Մինասյան Գագիկ Ենգիբարի,

Նաղդալյան Հերմինե Միքայելի,

Նիկոյան Սամվել Պարգևի,

Շարմազանով Էդուարդ Հովսեփի,

Սարգսյան Վիգեն Ալեքսանդրի,

Ֆարմանյան Սամվել Ժոռայի-նն էլ (ոնց որ կասեր անասնապահ Իշխանը)՝ քեզ նվեր», ընկե՛ր ԱԱԾ: Նախագահ  Սարգսյան Սերժն էլ հետը՝ 20 մարդ: «Հիմա ասում ես, թե ընդամենը էդ մի 4-5 հոգով, որոնց հա՛ բռնում, հա՛ բաց ես թողնում, գել դարձել, գառան դիմակ հագել, երկրի ոչխարներն են կերել: Ո՛չ, ո՜չ, իմ կարծիքով՝ ո՛չ. ոտները բռնել է մի Կարապետյան Կարենը, մորթ է արել մյուս Կարապետյան Կարենը, ոտները բռնել է Սերժը, մորթ է արել Հրանուշը, շամփուրները շարել է Ռուբենը, կրակն արել է մի Սամվելը, աղն արել է մյուս Սամվելը, Սերժը կերել է, բոլորը կերել են, «շնորհակալություն» ասել է Հերմինեն: Լուծով հիվանդացել է Արմեն Աշոտյանը (դրա համար սկսել է էդպես աշ-աշ դուրս տալ), «շնորհակալություն» ասել է Վահրամը Բաղդասարյան, կո՜ւշտ կերել է Գալուստը: Դե հիմի գնա ու ապացուցիր, որ 20 մարդով, Ֆարմանյան Սամվել Ժոռայի-նն էլ քեզ նվեր, էդ ասածիդ պես, գել դարձել, գառան դիմակ հագել, երկրի ոչխարներն են կերել ու կողմ քաշվել»:

Բա՞: Այնքան շատ էին, որ Կարապետյան Կարեն երկու հատ ունեին, այնքան հաշտ էին ու իրար այնքան էին սիրում, որ շատ սիրելուց քիչ էր մնում, որ էդ ոչխարների հետ իրար էլ ուտեին, ու… կերան, ու «հիմա իրարից դեռ սիրտներն էլ խառնում են, քիչ է մնում՝ հետ տան՝ ա՛»:

Դե ինչ, ժողովո՛ւրդ ջան, մեզ մնում է միայն միանալ «Մենք ենք մեր սարեր»-ի անասնապահ Իշխանին, ու բոլորս միասին նրան ձայնակցել՝ «ա՛»…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ