«Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի միջև պայքարը լինելու է բաց և փակ ցուցակների հետ կապված», -այսպիսի տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Դեբատ» բանավիճային ակումբի կազմակերպած հերթական քննարկման ժամանակ: Ընդ որում՝ նրա կարծիքով այն կուսակցությունները, որոնց վարկանիշը բարձր է, կողմ կլինեն փակ ցուցակներին: Այդ առումով տարօրինակ է ՀՅԴ-ի՝ բաց ցուցակներին կողմ լինելը, քանի որ սա այն քաղաքական ուժն է, որը միշտ պայքարել է համամասնական համակարգի համար:

Քաղտեխնոլոգը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ ընտրական անցողիկ շեմն իջեցվի և Խորհրդարան մտնեն ավելի շատ կուսակցություններ: «Փաշինյանի վարկանիշը հիմա բավականին բարձր է, նրան ձեռք է տալիս ապագայում մոզայիկ պառլամենտ, որպեսզի չլինի մեկ ուժ, որը կարող է, որոշ պայմաններից ելնելով, ուժեղանա և դառնա այն միակ ընդդիմադիր քաղաքական ուժը», -կարծում է քաղտեխնոլոգը:

Խոսելով իշխանափոխության ու հեղափոխության մասին՝ Քոչարյանը նշեց, որ հեղափոխություն կլինի այն ժամանակ, երբ փոփոխություններ լինեն մարդկանց ուղեղներում և մենթալիտետում: «Քաղաքական իմաստով մենք ունենք հեղափոխություն, իսկ հասարակական առումով հեղափոխություն տեղի չի ունեցել: Մտել էի խանութ, մի երիտասարդ մոտեցավ, հարցրեց, թե բա հետո ի՞նչ է լինելու, ասում եմ՝ դա կախված է մեզանից: Աչքերը թռան ճակատը, այսինքն՝ ո՞նց մեզանից: Ասացի՝ այո, ինձանից եւ ձեզանից, օրինակ, ընտրություններում, եթե փող չվերցնեք, ամեն ինչ լավ կլինի: Ինքը ասաց՝ բայց ո՞նց չվերցնեմ: Սա է խնդիրը», -նշեց Կարեն Քոչարյանը:

Իրավաբան, փաստաբան Արամ Օրբելյանը ընտրական օրենսգրքի փոփոխությունները տեսնում է իշխանության նպատակահարմարության շրջանակներում: «Ընտրական օրենսգիրքն ունի երկու էլեմենտ, մեկը՝ իրավունքին համապատասխանող, Սահմանադրությանը չհակասող, երկրորդն էլ քաղաքական նպատակահարմարության հարցն է : Այսինքն՝ այն ուժը, որը ձևակերպում է համապատասխան ընտրական օրենսգիրք, ակնհայտորեն այնպես է ձևակերպում, որ հնարավորություն տա իրեն հաջորդ ընտրություններում, չհակասելով Սահմանադրությանը, ստանալ ամենաշատ ձայները կամ ամենամեծ լծակները», -նշեց նա :

Ալեն ԱՎԱԳՅԱՆ