Պաշտպանության նախարարությունը սկսել է ուսումնասիրել նախկինում զինվորական ծառայությունից ազատված բոլոր քաղաքացիների, առաջին հերթին՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների զավակների գործերը։ Որ տարկետում ստացած ու ժամկետային զինծառայությունից տարբեր ուղիներով խուսափածները հայտնվելու են խոշորացույցի տակ, թե´ վարչապետը, թե´ պաշտպանության նախարարն ավելի վաղ հայտարարել էին։

Հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը հայտնել է, որ գործընթացն արդեն մեկնարկել է. «Որքան տեղյակ եմ, ուսումնասիրվելու են նախկինում տրված բոլոր տարկետումները`անկախ նրանից`պաշտոնյայի զավակ է, պաշտոնյայի զավակ չէ, աչքի ընկնող բիզնեսմենի տղա է, թե ոչ»: Վերջինս լիահույս է, որ հանրության համար ուսումնասիրությունների արդյունքները տեսանելի կլինեն։

ՊՆ խորհրդականն անդրադարձել է նաև ընթացող զորակոչին ու դրա ընթացքում արձանագրված խնդիրներին։ Նրա խոսքով` ընթացքում զորակոչիկներից ու նրանց ծնողներից նախարարություն ստացված դիմում-բողոքների զգալի մասը՝ 80-ից 70-ը, առողջական խնդիրների ու բժշկական եզրակացությունների հետ են կապված։ Ըստ բանախոսի՝ դրա հիմնական պատճառն այն է, որ առողջության պահպանման առաջնային օղակներում հետազոտությունները պատշաճ մակարդակով չեն արվում, և դեպքեր են լինում, երբ զորակոչիկը միայն հավաքակայանում է տեղեկանում, որ առողջական խնդիր ունի։

Ի դեպ, այս տարի ապրիլի 18-ին ընդունված որոշմամբ կառավարությունը վերանայել էր նաև զինծառայության համար ոչ պիտանի համարվող հիվանդությունների ցանկը, ինչի արդյունքում գիշերամիզությամբ, թերքաշությամբ, գիրությամբ ու արյան մեջ բիլիռուբինի բարձր քանակությամբ զորակոչիկները, այս ամառային զորակոչից սկսած, պիտի մեկնեն զինծառայության։

Արմինե ՍԱՐՈՅԱՆ