Այսօր ցանկացած հարց տեղափոխվում է online հարթակ և դառնում Facebook-յան հասարակության բուռն քննարկումների առարկա։ Գրում ու իրենց «սրտի խոսքն են ասում» մեծից փոքր՝ անկախ հասկացածից ու չհասկացածից։ Գրում են ու գրածը զենք են սարքում, գրում ու գրածը գործելաոճ են դարձնում: Այս վերջինից օգտվողները բնականաբար նրանք են, ովքեր ձեռքի տակ պաշտոն ունեն կամ դա ունենալու հավակնություն: Մի խոսքով՝ Facebook-յան ժողովրդավարություն է ու ինչպես ամեն բան, սա էլ իր լավ ու վատ կողմերն ունի ու շատ կարևոր է, թե այն ինչ նպատակներով է օգտագործվում:

Հիմա բացատրեմ, թե այսքան երկար-բարակ նախամուտքս ինչի համար էր: Էջմիածնի շուրջ կրքերը բնականաբար չեն դադարում: Դրա առանցքը կա ու շարունակում է մնալ գեներալ Մանվել Գրիգորյանն իր ու իր ընտանիքի ավելի քան գունեղ կերպով: Ինչպես ասում են, Գրիգորյաններն էջմիածինցիների խաչն են ու դրանից տարանջատվելը դեռ երկար ժամանակ կպահանջի: Սակայն հայտնվել են մարդիկ, ովքեր փորձում են վայ գեներալի անվան խաղարկումով կապիտալ ձեռք բերել ու շրմփալով ընկել են Facebook-ի գիրկը՝ այնքան էլ չհասկանալով, որ եթե անգամ մրջուրի հետ տարածության վրա ես շփվում, մեկ է, աղտոտվում ես:

Մոտավորապես այս հոգեբանությամբ է գործել և Էջմիածնի ժամանակավոր քաղաքապետուհին, ով դիմելով համաքաղաքացիներին, բարձրացնում է իր համեստ ընկալմամբ խիստ համապետական նշանակության խնդիր՝ այն է՝ հուլիսի 24-ին կայանալիք Էջմիածնի ավագանու հերթական նիստում քննարկվող հարցերի մեջ ներառել նաև Մանվել Սեկտորի Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը ու դրա համար հայտարարել է համաֆեյսբուքյան քվեարկություն:

Հնարավոր է, որ ասելիքի մեջ քաղաքապետուհու երիտասարդական կիրքն է եղել ավելի շատ խոսողը, սակայն այստեղ ավելի քան տեղին կլինի հիշեցնել ՀՀԿ կենդանի դասական Գալուստ Սահակյանի այն միտքը, որ ժամանակավոր՝ նշանակում է ոչ վերջնական։

Իսկ ընդհանրապես կամ առհասարակ՝ Էջմիածինը համացանցային տիրույթով չի սահմանափակվում։ Քաղաքն ունի մտավորականներ՝ մշակույթի պալատ ավանդական հավաքատեղիով, ու նրանք մարդիկ են, որ թեպետ պատվավորի կոչման չեն արժանացել, սակայն միանգամայն օրինականորեն վայելում են շրջապատի հարգանքը։ Կարելի է շոգը պատճառ չհամարել ու քաղաքապետարնից մի երկու ժամով դուրս գալ, մարդկանց հետ շփվել: Հավատացեք՝ դա բնավ էլ ավելորդ չէր լինի: Ավելին՝ կօգներ դեմքով ճանաչել սեփական համաքաղաքացիներին։

Անահիտ ԳԱՍՊԱՐՅԱՆ