Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում կկիրառվի: 68 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայներով ընդունված նախագծով վարչական պատասխանատվությունից կազատվի շուրջ 150 հազար վարորդ:

Նախագծին դեմ քվեարկած միակ պատգամավորը հանրապետական Միհրան Պողոսյանն էր, ով երեկ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ էլ դեմ էր առաջարկվող օրինագծին։ Պողոսյանն այդ քայլի մեջ բարեխիղճ վարորդների թվի նվազման վտանգ էր տեսնում։ «Ամեն անգամ նմանատիպ գործառույթից հետո լրջագույն խնդիր է առաջանում. բարեխիղճ վարորդների քանակը պակասում է, մարդիկ սպասում են, որ էլի նմանատիպ քայլ պետք է արվի», -Արտակ Զեյնալյանին իր մտահոգությունն ուղղել էր Պողոսյանը: