Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վերահաստատել է, որ Ֆրանսիան չի պատրաստվում զենք մատակարարել Ադրբեջանին, քանի որ այդ զենքը կարող է օգտագործվել Արցախի դեմ պատերազմ սկսելու համար: Նրա հայտարարությունը վերաբերում էր օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված կեղծ լրատվությանը, որտեղ ադրբեջանական մամուլը նշել էր, թե Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: «Երբ իմացանք ադրբեջանական մամուլում տարածված կեղծ շշուկների մասին, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, անմիջապես հերքում տարածեցինք: Դա մեկ անգամ ևս հնարավորություն տվեց հաստատելու մեր դիրքորոշումը: Ֆրանսիան բծախնդրորեն հարգում է միջազգային դրույթներից բխող իր ստանձնած պարտավորությունները՝ զերծ մնալ և չմատակարարել ոչ զենք, ոչ զինամթերք, որոնք կարող են օգտագործվել պատերազմ սկսելուն՝ այս պարագայում Արցախում», - ասել է Լաքոտը:

Դեսպանը նշել է նաև, որ ֆրանսիական իշխանությունները դրական են ընդունում հայաստանյան իշխանությունների ցանկացած արձագանք՝ հիմնված Արցախի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքի վրա: «Ես գիտակցում եմ, թե որքան ծանր է հայաստանյան հասարակության և մանավանդ այն ընտանիքների համար, որոնց զավակները զորակոչվել և ծառայում են բանակում»,-ավելացրել է դեսպանը:

Սոնա ԳԻՇՅԱՆ