Հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի իր գործակից Էլմար Մամադյարովը:

Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր Հայաստանում իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո: Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հանդիպումը կազմակերպելու համար և ընդգծեց նրանց հովանու ներքո խաղաղության գործընթացի կարևորությունն ու բանակցային դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:

Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ և միտված էր միմյանց տեսակետներին ծանոթանալուն: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, և այս համատեքստում կարևորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, փոխվստահության ամրապնդումը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։ Նա շեշտել է, որ հակամարտության բոլոր կողմերի իրատեսական ու կառուցողական ներգրավվածությունն առաջնային նշանակություն ունի տևական խաղաղության հասնելու ջանքերի արդյունավետության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցերի շուրջ։ Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

                                                                                                                                                 Ալեն Ավագյան