Իշխանափոխությունից հետո սկիզբ առած բացահայտումների շղթայում մի առանձին ենթաշղթա են կազմում Սերժ Սարգսյանի խնամի-ծանոթ-բարեկամները։ ՀՀ երրորդ նախագահի եղբորորդու ընտանիքին պատուհասած «աղետը», կարծես, պատրաստվում է իր ալիքի մեջ առնել նաև խնամուն՝ Արա Մինասյանին:

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկա օրերին աշխատանքից կազատի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին։ «Քաղաքական որոշումը կայացված է վարչապետ-նախարար մակարդակում։ «Իրավական» հիմնավորումը ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներն են, որոնց նախարարը ձեռնամուխ էր եղել նշանակվելու պահից եւ ինչի մասին 2 օր առաջ խոսել է ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով խախտումների չափը՝ 1 մլրդ դրամ։ Նոր տնօրենը, ասում են, Թորոսյանի շրջապատից է լինելու, բայց անունը դեռ չեն հայտնում», -գրում է թերթը:

Նկատենք, որ հիվանդանոցներում պետպատվերների հետ կապված ստուգումներ սկսելու մասին Արսեն Թոորսյանը նախարար նշանակվելուց օրեր անց արդեն հայտարարել էր ու նաև շեշտել, որ դրանք արվելու են առանց բացառությունների։ Այստեղից պետք է ենթադրել, որ նախարարության ենթակայության տակ գործող Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ևս ստուգումների անցկացումը նորմալ պետք է դիտարկվեր։ Ըստ էության՝ հիվանդանոցի տնօրեն Մինասյանը նույնպես որևէ դիտավորություն չի տեսել իր ղեկավարած հաստատությունում կատարվող մանրազննին ստուգումների մեջ և լրագրողներին էլ այդպես ասել է. «Առողջապահության նախարարությունն է ստուգում, նորմալ, սկզբունքային ստուգում են, սովորական թերություններ են, առայժմ լուրջ բան չկա, հենց պետպատվերն են ստուգում»:

Այստեղ անհարժեշտ համարենք նկատել, որ Արա Մինասյանը լավ էլ նկատել է «առայժմ» ասվածը։ Իրականում, կարծես թե, պետպատվեր-վճարովի սահմանագիծը որտեղով ցանկացել, տարել են ու ինչպես ցանկացել, բաշխել են տեղերը:

Հուսանք, վենդետաներին դեմ համակարգը (համենայն դեպս այդպես են ասում) Մինասյանին աշխատանքից ազատելու համար լուրջ հիմքեր ունի, որոնք ամրագրված են ստուգումների արդյունքներն ամփոփող փաստաթղթերում, և Սերժ Սարգսյանի խնամին լինելու հանգամանքն այդտեղ որոշիչ դեր չի խաղում:

Արմինե ՍԱՐՈՅԱՆ