Մեր պատանեկության տարիներին էլ «մաժորներ» կային: Դրանց էն ժամանակ «մաժոր» չէին ասում, ուղղակի ասում էին՝ «Էս ռայկոմի քարտուղարի կամ էն մինիստրի տղան է կամ թոռը կամ զարմիկը»… Այսօր դրանց «մաժոր» են ասում ու այսօր դրանք էլի բանակ չեն գնում: Այս առթիվ, ողջունելով նոր վարչապետի՝ իր որդուն «բանակից չազատելու» վճիռը, չի կարելի չասել, որ դա ոչ անբնական, ոչ գերբնական, այլ բնական բան է, ընդամենը՝ բնական: Բայց բանակ հլա չգնացած, սոսկ գնալուն իր համաձայնությունը տվածին արդեն իսկ հերո՞ս ասենք, «Արիության համար» մեդա՞լ, թե՛ միանգամից շքանշան կամ ազգային հերոսի կոչում շնորհենք: Տղամարդ է՝ պիտի ծառայի՜: Էդպես որ գնաց, կինն էլ երեխա է ծնում, ծառայելուց ծանր գործ է: Ուրեմն ով ծնեց, նրան մեդալ կամ շքանշան պիտի տանք, իսկ ով շատ դժվար, ասենք կեսարյան հատումով ծնեց՝ հերոսի կոչում: Կամ, եթե էսպես գնաց, եկեք դպրոցն ավարտելու համար՝ ատեստատին կից է՛լ սկսենք մեդալ տալ: Բա իհարկե սովորելն էլ է անչափ ծանր գործ…

Մեր որդիներն էլ բանակում ծառայեցին. գնացին, հենց նույն Արցախում պատվով ու մարդավայել, զինվորին վայել ծառայեցին, եկան, բայց իրենց ոչ գնալը, ոչ դժվարին ծառայությունը, ոչ վերադարձը ոչ մի եթերում ցույց չտվեցին: Ցույց տալուն դեմ չեմ, բայց կողմ եմ նաև, որ ինչքան բանակից նախկինում զոռով ազատած «մաժոր» կա, դրանց էլ ցույց տաք, բերեք հավաքակայան ու նկարեք, ցույց տաք, ասեք՝ չէին գալիս, զոռով ենք բերել: Իսկ ում որ չեք գտնի, էդ «հպարտ» անունները գոնե շաբաթը մեկ ձենով հայտարարեք: Ինչո՞ւ: Որովհետև վախ կա, որ վարչապետի որդու օրինակից դրանք ոչ թե կվարակվեն, այլ, հակառակը, Լոս ու Մոս կփախչեն, որ… «չվարակվեն»:

Ինչքան «մաժոր» կա էդ ճամփով բերե՛ք, բանա՛կ ուղարկեք, կարգի՜ն նիհարեցրեք ու… մինո՛ր սարքեք: Դե, Ձեզ տենենք: Հենց մենակ խորհրդարանը մի ամբողջ զորակոչի կադր ունի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ