«Ինչպե՞ս «հաջողված» ցեղասպանություն իրագործել Օսմանյան կայսրությունում, նացիստական Եվրոպայում կամ Մերձավոր արևելքում». այս հարցի պատասխանը տվել է հեղինակավոր Հարվարդի համալսարանի դասախոս Ումիթ Քուրտը, որը Journal of Genocide Research հանդեսում հրապարակել է նոր հոդված՝ Թուրքիայի հարավում, մասնավորապես՝ Այնթափ քաղաքում Ցեղասպանության ժամանակ հայերի զանգվածային բնաջնջման մասին:

«Հարցի պատասխանը պարզ է. ցեղասպանություն ծրագրած կառավարությունը պետք է ունենա հասարակության բոլոր շերտերի՝ դատավորների, ոստիկանների, հոգևորականների, փաստաբանների, բանկիրների և, իհարկե, ապագա զոհերի հարևանների աջակցությունը»,- գրում է դասախոսը:

Իր հոդվածում մասնագետն ամենայն մանրամասնությամբ պատմում է Այնթափում 20.000 հայի բռնի տեղահանության, բռնաբարությանների ու սպանությունների, ինչպես նաև այդ ամենրից հետո նրանց ունեցվածքի զավթման մասին:

Բազմաթիվ թղթային փաստերի հիման վրա գրված հոդվածում Քուրտն ապացուցում է, որ Թուրքիայի կառավարությանը ենթարկվող տեղական իշխանությունները կազմակերպված քաղաքացիական խմբերի հետ զանգվածաբար սպանում էին հայերին՝ նրանց ունեցվածքին տիրանալու համար:

«Տեղի հանցագործները զբաղված էին ֆերմաների, պիստակների մարգերի, պարտեզների, խաղողի այգիների, խանութների առգրավմամբ, եկեղեցական սեփականության, դպրոցների ու գրադարանների թալանով: Այդ ամենը պաշտոնապես անվանում էին «առգրավում»: Սակայն այն ժամանակ բազմաթիվ մարդիկ Այնթափում գործում էին՝ ելնելով փոխկապակցված շահով»,-գրում է հեղինակը:

Իր անդրադարձում Քուրտն ընդգծում է, որ Թուրքիայի իշխանություններն առանց քաղաքացիական խմբերի ու ամեն մի քաղաքում և թաղամասում հետաքրքրված անձանց աջակցության չէին կարողանա իրագործել Հայոց ցեղասպանությունը:

«Օսմանցիներին հարկավոր էր, որ Այնթափի մահմեդականները կազմակերպեին հայերի տեղահանումը, ինչի դիմաց նրանք կստանային տեղահանվածների սեփականությունը»,-գրել է Կուրտը:

Մասնագետի կարծիքով՝ հայերի շուրջ ատելության և նախանձի մթնոլորտը ստեղծվել էր Ցեղասպանությունից մի քանի տասնամյակ առաջ, քանի որ հայերը տնտեսապես շատ ուժեղ էին, ու դա շարժում էր մահմեդականների նախանձը: