Աշխատանքային այցով Բելգիայի թագավորություն ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը «Կարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոնն էր: Այստեղ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, «թավշյա» հեղափոխությանը՝ վարչապետը նշել է. «Մենք հաղթահարել ենք մեր սեփական վախերը և իրագործել սիրո և համերաշխության հեղափոխություն՝ վերացնելով ինքնավերարտադրվող իշխանությունը` դրանով ինքներս մեզ և աշխարհին հայտարարելով, որ էլ երբեք թույլ չենք տա, որ մեկ անձը որոշում կայացնի բոլորի անունից: Հայաստանի քաղաքացին հաղթահարել է այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են՝ կոռուպցիան, անարդարությունը, ոչ արդյունավետ կառավարումը»:

Նիկոլ Փաշինյանն այստեղ ևս, ինչպես տարբեր առիթներով, շեշտել է՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը չունի աշխարհաքաղաքական համատեքստ և հիշեցրել՝ կառավարությունը արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություններ կամ կտրուկ շրջադարձեր չի անելու:

Վարչապետը կենտրոնի փորձագետների և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանն առավել ընդհարձակ խոսել է կոռուպցիայի դեմ տարվող պայքարի և թափանցիկ ընտրությունների անցկացման կարևորության մասին. «Նախկինում արտոնյալ կարգավիճակ ունեցած անձինք այսօր զգում են արդարադատության ողջ խստությունը: Բոլոր գործերի քննությունները կիրականացվեն խստորեն՝ համաձայն օրենքի: Մենք ապահովելու ենք դատական համակարգի անկախությունը, հաստատակամորեն արմատախիլ կանենք կոռուպցիայի մեջ թաթախված նախկին դատական համակարգի արատավոր պրակտիկան: Մեկ այլ կարևոր հանձնառություն է՝ կազմակերպել իսկապես ազատ և արդար ընտրություններ: Հիմա Հայաստանի քաղաքացիները գիտեն, որ իրենց ձայնը կշիռ ունի: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը խարխլելու հնարավորություն չի լինի: Ուստի մենք նախաձեռնել ենք ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ներառական գործընթաց»:

Կառավարության ղեկավարն անդրադառնալով Հայաստանի տնտեսական հնարավորություններին` կարևորել է թե´ ԵԱՏՄ-ի, թե´ ԵՄ-ի հետ համագործակցությունը. «Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար»:

Հայաստանի եվրոպական օրակարգի համատեքստում էլ կառավարության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի համար եղել է կարևոր գործընկեր համապարփակ ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումների իրականացման գործում. «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացել ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում: Դրա արդյունավետ իրականացումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, ավելի լավ ներդրումային միջավայրի ստեղծմանը, գործարարության կայունության և կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը»:

Նիկոլ Փաշինյանի «Կարնեգի Եվրոպա» կատարած այցելության ընթացքում շոշափվել է նաև ԼՂ հակամարտության թեման, և վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի: Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի փոխզիջման վրա: Ինչպես ցանկացած այլ ժողովրդավար երկիր, Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ