ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի է ունենցել «Քարերի պոեզիա. Անի» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցադրված նմուշներում ներկայացված են հնագույն Անի քաղաքի և շրջակայքի ճարտարապետական ժառանգությունը:

Բացման խոսքով հանդես է եկել թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը: Ողջունելով ներկաներին` նա նշել է, որ Անիի ճարտարապետության, վաղ միջնադարի ժողովրդի պատկերացումների, գեղարվեստական մտածողության հիման վրա ստեղծվել են ճարտարապետական բացառիկ նմուշներ:

«Սկսած քաղաքաշինական սկզբունքներից` տեսնում ենք, որ ազգային ավանդույթների օգտագործմամբ, բացառիկ նորարական մոտեցումներով կառուցվել են ազդեցիկ շինություններ, որոնցից մեկն էլ Անիի Մայր տաճարն է: Ավստրիացի գիտնական Յոզեֆ Ստրժիգովսկին իր աշխատություններից մեկում գրել է. հայ ժողովուրդը ցույց տվեց ոգու այնպիսի ուժ, որ արևմուտքից և արևելքից Անի ներխուժած ազդեցությունները էական նշանակություն չունեցան և հայկական ճարտարապետությունը պահպանեց իր էությանը բնորոշ պայծառ միասնականությունը», -խոսքն ամփոփել է թանգարանի տնօրենը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսն իր հերթին շնորհավորելով ցուցահանդեսի բացման առթիվ, նշել է, որ այն իրենից ներկայացնում է Հայաստան-Թուրքիա երկխոսության լավագույն դրսևորումը: Մշակույթը համամարդկային արժեք է, որը խթանում է ժողովուրդների միջև երկխոսությունը:

                                                                                                                                    Ալեն ԱՎԱԳՅԱՆ