«Ոսկե ծիրանի» շրջանակներում շարունակվում է ասուլիսների շարքը կինոփառատոնի մասնակիցների հետ: Այս անգամ լրագրողների հետ հանդիպեցին Ուկրաինայի և Գերմանիայի համատեղ արտադրության «Հրաբուխ» ֆիլմի օպերատոր Վադիմ Իլկովն ու պրոդյուսեր Դարյա Բասելը: «Հրաբուխ» ֆիլմն ընգրկված է կինոփառատոնի «խաղարկային մրցույթ» ծրագրում:

«Մենք շատ ենք սիրում այս ֆիլմը: Սցենարը 5 տարում ենք գրել, իսկ հերոսներն իրական նախատիպեր ունեն: Ուկրաինայում այսօր բազում գործընթացներ են տեղի ունենում, երկիրը փոխվում է: Թեև Ուկրաինայում բարդ քաղաքական իրավիճակ է, այն հող է նախապատրաստել ֆիլմարտադրության զարգացման համար», -ասաց Վադիմ Իլկովը: Նա նաև նշեց, որ Ուկրաինայում այսօր հատկապես շատ են համագործակցությունները Եվրոպայի հետ:

«Նոր ձևավորվող ազգային յուրահատկությունները ևս ազդում են ֆիլմերի ստեղծման վրա։ Ուկրաինան մի քանի էտապներ է անցել ու հիմա ինքնաճանաչողության ու ինքնագիտակցության փուլն է», -ասաց Իլկովը:

Խոսելով ուկրաինական ֆիլմերում թեմատիկ սահմանափակումների և արգելքների մասին՝ բանախոսները նշեցին, որ միակ արգելքը պետության անվտագությանը սպառնացող սիմվոլների կիրառումը կարող է լինել:

                                                                                                                                 Ալեն ԱՎԱԳՅԱՆ