Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Վարչապետն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի անկախությունից ի վեր եղել է մեր երկրի վստահելի գործընկերը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ խորհրդատվական ու ֆինանսական աջակցությունը՝ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին:

Խոսելով մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեհամակարգ, որը կառավարությունը հանձնառու է առավել զարգացնել ու ամրապնդել:

«Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունն ունենալու է պայծառ ապագա, մենք պատրաստ ենք օժանդակելու Ձեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին», -ասել է Ֆեդերիկա Մոգերինին: