Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տրամադրած տվյալների՝այս տարի պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների աննախադեպ աճ է գրանցվել: Ծավալների աճը ներկայացնում ենք թվերով:

Հուլիսի 11-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 101.492 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56.856 տոննայի դիմաց։ Այդ թվում՝ արտահանվել է 44.131 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19.525 տոննայի դիմաց:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են 44.636 տոննայով կամ 78,5%-ով։ Ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ. նախորդ տարի արտահանված 28.474 տոննայի մակարդակը այսօրվա դրությամբ գերազանցվել է 15.657 տոննայով կամ շուրջ 55%-ով:

Ընդլայնվել է նաեւ արտահանման աշխարհագրությունը։ Հայկական պտուղ-բանջարեղենն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 94.862 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Իրաք, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ: