Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Բանանցը» մրցել է բոսնիական «Սարաևո» ակումբի հետ ու զիջել 2:1 հաշվով: Հայկական ակումբի ղեկավար Արամ Ոսկանյանը թիմի պարտությունը բացատրել է իր իմացած մեր ազգային մենթալիտետով՝ հավատի պակասով: Դե ինչ, նոր տերմինաբանություն է մտնում հայկական ֆուտբոլ, ինչն ինքնին էլի բան է տարիներ շարունակ թույլ ֆուտբոլ խաղացող մեր ակումբների ֆոնին: Խաղին տված որակման մեջ Արամ Ոսկանյանի ասածներում մի բան է հուսադրող, որը չենք կարող չմեջբերել բառացիորեն. «Երկու գոլ բաց թողեցինք, այնուհետև հասկացանք, որ կարող ենք խաղալ»:

Եվ այնուամենայնիվ քանի որ Արամ Ոսկանյանի ասածներում կա մեծ տրամաբանություն, բաց չթողնենք նրան ևս մեկ անգամ լսելու առիթը. «Հանդերձարանում տղաները հիասթափված էին, սակայն սրա համար է այդ դիմակայությունը երկու խաղով: Եթե նրանք այստեղ կարողացան երկու գոլ խփել, ինչո՞ւ մենք չանենք նույնը նրանց դաշտում»:

Եվ իսկապես էլ՝ ինչո՞ւ չանել: Ուրեմն՝ օն անդր, ինչպես Ավարայրի ճակատամարտում հայոց զորախմբին քաջալերեց Վարդան Մամիկոնյանն ու նետվեց մարտադաշտ:

Խաղից հետո ասուլիս է տվել նաև «Սարաևոյի» գլխավոր մարզիչ Հուսրեֆ Մուսեմիչն ու անկեղծացել, որ ինքը 57 տարեկան է, բայց նման եղանակային պայմաններում ֆուտբոլ չի խաղացել: «Բանանցի» հետ ունեցած խաղում սա է եղել նրա ստացած ամենամեծ տպավորությունը: