Մեր քաղկառույցները շատ նման են ջայլամի: Սրընթաց արշավում են դեպի արևը, սակայն հենց որ վտանգ է սպառնում, կանգ են առնում, սնանկ գլուխները խոթում են ավազի մեջ, փիտրած հետույքներն ուղղում վեր: Ինքնապաշտպանական բնազդ է հարկավ՝ յոլա գնալ նվազագույն կորստով, սակայն այս հպարտ ցցոնը չէ բուն ասելիքս։

Նախընտրական եռքի խոստումնառատ բլթբլթոց է Հայաստանում: Ամենաարմատական (գուցե թե ամենաանհամբեր) կուսակցություններն արդեն իսկ վարգարշավում են: ՕԵԿ-ը գրավել է, իսկ գուցեև բռնագրավել է ֆեյք-արոտավայրերը և սպառնում է գալիք ԱԺ-ում ներկայանալ 49+1 ձևաչափով: Այսինքն՝ դառնալ իշխող կուսակցություն պլատֆորմից պլատֆորմ թռնող Արթուր Բաղդասարյան  վարչապետով, խորհրդարանի խոսնակի գահաթոռը զարդարել գերակտիվ քաղտիկին, ժամանակին Լֆիկ Սամոյի հետ արյան փոխանակմամբ քույրացած Հեղինե Բիշարյանով։ Բայց թե գլխի բացակայության պայմաններում թե ո՞ր անապատի ավազների մեջ ՕԵԿ-ջայլամը կխոթի իր քմայքոտ քիթը, կիմանանք գալիք աշնանը, երբ տապը քիչ մեղմանա և մաճառը երգի կարասներում:

Ուղղակի գերջայլամային է ՀՀԿ-ի հավակնությունը՝ 15 տեղ կորզել գալիք խորհրդարանում, դառնալ երդվյալ ընդդիմություն և, հանցագործ էությունը մոռացած, ազնվածինի դիրքերից վայելել նախկին գողոնը: Այս 15-ի թնջուկը պարզելու նպատակով ես՝ Սեթ Գմփոյանս, դիմեցի ագարակի հաստիքային քաղվերլուծաբան խոճկոր Արիստակեսին: Վերջինս երկար մտորելով գտավ լուծման բանալին՝ 15 մանդատը խորհրդարանում խորհրդանշելու է ՀՀԿ մենիշխանության տարիներին երկրից փախցրած 15 պարկ ոսկին:

Մի խոսքով, հարգելիներս, քաղաքական տարին մեկնարկել է: Սպասենք առերեսման բազում այլ արդեն գիտեք ինչերի հետ։