Խորհրդարանի արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոստամ Մախմուդյանն ընդգծել է, որ նախագիծը արտահերթ նիստով օրակարգ բերելը ժամանակավրեպ է, հարցեր կան, որոնց պատասխանները չկան։ «Ողջունելի նախաձեռնություն է, բայց եթե մի բան ենք անում, եկեք լավ անենք», -ասել է Մախմուդյանը և շարունակել, -«Ի՞նչ չափորոշիչներից ելնելով են որոշվել բացառությունները, որոնց վրա համաներումը չի կիրառվում: Ի՞նչ չափորոշիչով է որոշվել, որ ԱՊՊԱ կտրոն չկպցնելու համար տուգանքի համաներում չպետք է տալ, բայց 200 կմ արագություն գերազանցած վարորդին համաներում տալ: Ո՞րն է դրա արդարությունը»: Ելույթի վերջում ՀՀԿ-ական պատգամավորը հավելել է, որ «համաներումը սոցիալական թեթևության պետք է հանգեցնի»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ է անդրադարձել է կարմիր գծերին. «Մտածեք ընդհանրապես այս չարաբաստիկ կարմիր գծերից ազատվելու մասին։ Մեր երկրում իսկապես տուգանքները համահունչ չեն մեր բնակչության կենսամակարդակին։ Կառավարությունը պետք է հիմնովին վերանայի տուգանելու քաղաքականությունը»։

Սոնա ԳԻՇՅԱՆ