Էդգար Ալան Պոն (իր հավաստմամբ իրական հիմքով) մի պատմվածք ունի, որտեղ ինքը հոգեվարքի մեջ գտնվող մի թոքախտավորի, մահից մի քանի ժամ առաջ, ենթարկում է հիպնոսի: Հիպնոտիկ քնի մեջ հայտնված մահամերձը որովայնախոսին հատուկ արտառոց ու սարսռելի ձայնով հայտնում է Պոյին ու Պոյի կողքին սահմռկած-մեխված մյուս ներկաներին, որ ինքը մեռնում է, իսկ մի քանի ժամ հետո՝ որ արդե՛ն… մեռել է: Ու մեռած, սակայն հիպնոտիկ քնից զարթնել չհասցրած, մահին հանդիպած, բայց ողջագուրվել դեռ չհասցրած այդ թշվառն այդկերպ գոյատևում է գրեթե …յոթ ամիս: Մահվան վայրկյանն իր երկարաձգվում է գրեթե յոթ ամսով: Արդեն մեռած էր, սակայն հիպնոսից մինչև չզարթներ, մահն այդ չէր կարող լրի՛վ կայանալ, արձանագրվել: Եւ ահա յոթ ամիս անց բառի բուն իմաստով այս «ննջեցյալը» նորի՛ց է սկսում արձագանքել իրեն տրված «Դուք ի՞նչ եք զգում և ի՞նչ եք ուզում» հարցին ու պատասխանում է այն նույն գերբնական ձայնով, որով յոթ ամիս առաջ իր սեփական մահն էր ազդարարել. «Աստվա՛ծ կսիրեք, շտա՛պ, շտա՛պ ինձ կամ քնեցրեք նորից, կամ շտապ արթնացրեք. ասում եմ ձեզ ախր, որ ես մեռա՜ծ եմ..․»։

Պոն արդեն անցնում է մեռածին հիպնոսից հանելու առավել ակտիվ «պասերի», առավել ակտիվ միջոցների է դիմում ու վերջապես հաջողեցնում է հիպնոսից դրան հանել, բայց նույն վայրկյանին էլ յոթ ամիս մահվան ակնթարթում քարացած-մնացած թշվառն այդ հենց Պոյի ձեռքերի տակ վայրկենապես քայքայվում, վերածվում է թանձր հեղուկի՝ նեխած, նողկալի թանձր հեղուկի։ Մի ակնթարթում մահն անցնում է իր յոթ ամիս չանցած-կորցրած ճամփան։

Եթե այդ թշվառի մահվան ակնթարթը ժամանակի մեջ ձգվե՜ց, երկարեց ու «ընդամենը» յոթ ամիս տևեց, ապա մեր երկրում գործող կառավարման համակարգինը տևեց ուղիղ… քսան տարի: Այդ համակարգը, որի մահն ազդարարվեց 2018-ին, մեռել էր արդեն իր ծնված օրը՝ 1998-ին, հոգեդարձ արվել՝ 2008-ին: Ուղիղ 20 տարի՝ երկու տասնամյակ տևած նիրհ էր այդ՝ հիպնոտիկ-սուտլիկ, անդուր ու անդուռ համազգային մի դժխեմ մղձավանջ։ Ու գիտե՞ք որն է Պոյի՛ մեռելի ու ա՛յս մեռելի միջև եղած ամենանուրբ տարբերությունը։ Նա՛ գոնե իր «էն աշխարհից» ազնվորեն խոստովանում էր, որ ինքը մեռել է, սա՛, ավելի՜ հին մեռել, էդպես էլ վիզ չառավ, որ ինքը մեռել է, իսկ Պոյի ու էս մեռելի միջև ամենադժխե՛մ տարբերությունն էլ այն է, որ Պոյի մեռելը յոթ ամիս խելոք իր համար պառկած՝ մեկի խաթրին իսկ չկպավ, իսկ է՜ս մեռելը մի տասնամյակում Հերովդես եղավ, մյուս տասնամյակում՝ Պիղատոս: Առաջին տասը տարում մի ողջ սերնդի դրեց-գլխատեց, պայծառ գլուխն այդ, սկուտեղի վրա, «պատվիրատվուհուն» շռա՜յլ մատուցեց, երկրորդ տասը տարում, փարիսեցիներին սարքած ազգի կորիզ, էդ կորիզները երկրում շաղ տվեց:

Իսկ Պիղատոսն՝ ի՜նչ։ Պիղատոսը միշտ էլ ու ամենուրեք էլ Պիղատոս է մնում, միշտ ու ամենուր Պիղատոսի ձեռքից սոսկ մի բան է գալիս. լա՛վ ձեռք է լվում ու քաշվում մի կողմ… Արդյունքում, շուրջբոլորը՝ մեղավոր, սոսկ ինքը՝ «չքմեղ»: Իսկ ի՛նձ որ հարցնեք՝ չկա՛ իրենից ավել մեղավոր…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ