Մինչ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում Ամուլսարի ոսկու հանքում, իսկ բնապահպանության նախարարը ուղիղ տեքստով, վարչապետը՝ ոչ այնքան ուղիղ, դեմ արտահայտվում հանքարդյունաբերության նման ծավալների մասին, հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունն ու շահագործման դեմ պայքարող ակտիվիստներն իրենց գործողություններին նոր թափ են հաղորդում։

Ըստ ԱԱԾ-ի՝ պետության և հասարակության համար այս կարևորագույն խնդրով մտահոգ անձինք իրենց գործողություններով երբեմն հատում են օրինականության սահմանները, ինչը չի կարող անտեսվել իրավապահ մարմինների կողմից: Մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայությունում հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ԱԱԾ քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը») հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպանության սպառնալիքներ հնչեցրած անձինք ՀՀ քաղաքացիներ Ա. Բ-ն և Ա. Ա-ն են:

Հուլիսի 6-ին հիշյալ անձինք բերման են ենթարկվել ԱԱԾ, որտեղ որպես կասկածյալ ցուցմունք են տվել, որ սպանություն կատարելու վերաբերյալ արտահայտությունները լուրջ բնույթ չեն կրել, իրականում իրենք որևէ զենք չունեն, որևէ մեկի ընտանիքի անդամներից տեղյակ չեն, իսկ իրենց պայքարն Ամուլսարի հանքի շահագործման դեմ կրում է խաղաղ բնույթ և տարվում է բացառապես օրինականության սահմաններում: Նշված անձինք նաև հայտարարել են, որ զղջում են կատարվածի համար և անընդունելի են համարում նման վարքագիծը:

Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նշված քաղաքացիների բնակության հասցեներում: Արդյունքում գործի համար էական նշանակություն ունեցող ոչինչ չի հայտնաբերվել: Ա. Բ-ի և Ա. Ա-ի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Նախաքննությունը շարունակվում է: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է քաղաքացիներին` իրենց իրավունքների համար պայքարել բացառապես օրինականության դաշտում և զերծ մնալ բռնության, հարկադրանքի որևէ դրսևորումից:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ