Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ նամակով դիմել և հոգաբարձուների խորհրդի անդամներին առաջարկել է ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը։

Բայց դա նախագահի միակ առաջարկը չէր։ Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը թափուր չմնալու համար նա առաջարկել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա։ Հաջորդ քայլը, որը պետք է հետևի այդ նշանակմանը, Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթն է։

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, առաջարկվում է ստեղծել մրցութային հանձնաժողով Պետրոս Թերզյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմի մեջ կընդգրկվեն նաև ՀՀ նախագահի, վարչապետի, Արցախի հանրապետության նախագահի մեկական ներկայացուցիչ, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը:

Թե ի վերջո ով կգլխավորի վերջին շրջանում բոլորի ուշադրությունն իր վրա սևեռած կառույցը, դեռ պարզ չէ, բայց որ նրան շատ բարդ աշխատանք է սպասվում՝ խոշորացույցի տակ առնված հիմնադրամի հանդեպ վստահությունը վերականգնելու առումով, միանշանակ է։