Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի երեկվա հայտարարությունը՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման մասին, վաղուց սպասված էր։ Պլաստիկի վնասները ճիշտ ու ժամանակին գնահատելու դեպքում այդ նախաձեռնությունը Հայաստանում նոր չպետք է սկսվեր, այլ արդեն հասած պիտի լինեինք բոլոր տեսակի պլաստիկ ապրանքների արգելմանը։ Բայց քանի որ նոր է մեկնարկում գործընթացը, բնականաբար, այն, ինչպես և ցանկացած խնդիր, փուլային լուծում է պահանջելու։

Նախարարը դա քաջ գիտակցելով՝ լրագրողների հետ երեկ տեղի ունեցած ճեպազրույցում մոտավոր քարտեզը նշեց, սակայն առանց հասցեների. «Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, հետո կտարածվի մեկ մարզում, իսկ որոշակի ժամանակահատվածում ՀՀ-ն կմիանա այն երկրներին, որտեղ մեկանգամյա օգտագործման պլաստիկն արգելվում է։ Մենք այլընտրանք կառաջարկենք համայնքում, որտեղ միջոցառումներ կանենք, կտորե տոպրակներ կբաժանենք: Իսկ պլաստիկ շշերը կվերամշակվեն»։

Սա այն դեպքերից է, երբ հաջողության մեծ մասը հավասարապես կախված է լինելու սպառողներից ու տնտեսվարողներից։ Նախ՝ տնտեսվարողը պետք է ռիսկի դիմի և կրճատի պոլիէթիլենի առաջարկը՝ զուգահեռաբար սպառողին առաջարկելով թղթե կամ կտորից պայուսակներ։ Իր հերթին՝ սպառողը պետք է գնա ոչ թե էժան պոլիէթիլենի հետևից, այլ գիտակցական ընտրություն անի. առաջարկված տարբերակներից ընտրի մի քիչ ավելի թանկը (եթե դեռևս ոչ թղթից կամ կտորից ստացված պայուսակը, ապա գոնե բազմակի օգտագործման պոլիէթիլենայինը), որն ավելի երկար կծառայի, իսկ շրջակա միջավայրին էլ քիչ վնաս կհասցնի։ Իսկ որպեսզի շարքային քաղաքացին գնա այդ գիտակցական ընտրությանը, պետք է հստակ պատկերացնի, թե իր գրպանին որոշ չափով վնաս հասցնելու դիմաց ինքն ու իր ժառանգներն ինչ են ստանալու։ Ուստի և նախաձեռնության հաջողության մասին խոսելն անիմաստ կլինի, եթե նախ և առաջ իրազեկման մեծամասշտաբ արշավներ չկազմակերպվեն թե´ տեղերում, թե´ լրատվամիջոցների օգնությամբ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ