ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի եղբոր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդուն՝ Հայկ Սարգսյանին, սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Դավիթ Սիմոնյանի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին հրազենային վնասվածք ստանալու իրական հանգամանքները:Կ ատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դ. Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Սարգսյանի բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում 2007 թվականի ապրիլի 1-ին վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, միջադեպին ականատես անձի ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է։

Ա․Ա․