Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է օրենքի նախագիծը, որով օրենքը կարգավորում է մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները: Նա ընդգծել է, որ նախագծի ընդունմամբ կներվեն մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը կայացված, վարչական ակտերով նախատեսված 13,7 մլդ դրամի չափով գումար, իսկ վարչական պատասխանատվությունից կազատվի շուրջ 150 000 մարդ:

Արտակ Զեյնալյանը խոսել է նաև բացառություններից և ասել, թե որ իրավախախտումները ներառված չեն համաներման մեջ. «Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը ինչպես նաև օպերատիվ ծառայությունների, տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունածածկապատկերն օգտագործելը: Առանց հաշվառման համարանիշի կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը, տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշը այլ անձի հանձնելը, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելը, ոստիկանի «կանգ ա՛ռ» ազդանշանին չենթարկվելը, առանց «ԱՊՊԱ» կտրոնի փակցնելու երթևեկելը»։

                                                                                                                                   Սոնա ԳԻՇՅԱՆ