Նիկոլյան կառավարության կառավարչության պետ Գևորգ Աճեմյանը վերջերս ձեռնոց նետեց ողջ հանրապետությանը՝ հայտարարելով,  որ ինքն, այո՛, ‹‹Կյանքի խոսք›› կրոնական կազմակերպության անդամ է, և որ սույնն իր հավատամքն է: Ամենևին չի բացառվում, որ շատ շուտով կառավարության այլ անդամներ ևս կհաստատեն, որ պատկանում են, դիցուք, ‹‹Եհովայի վկա››, ‹‹Մորմոններ››, ‹‹Արթնության կրակ››, ‹‹Յոթերորդ օրվա ադվենտիստներ›› և այլ հակաառաքելական կրոնական կազմակերպություններին:

Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին սահմանադրորեն տարանջատված է պետությունից և անկարող է միայնակ պայքարել երկիրը ճարակող աղանդավորական որոմի դեմ: Նշյալ խնդիրը դրված է պետության վրա: Պետությունն օրենսդիր և գործադիր մարմինների համաձուլվածքն է: Օրենսդիրը, այսինքն՝ ԱԺ-ն, օրենքներով ամրագրել է աղանդավորների կործանարար գործընթացները, կառավարությունը ուշի-ուշով հետևում է, որ նշյալ գործընթացները անշեղ իրականանան: 

Շրջանը փակվե՞ց:Կարծես թե: Ինչպե՞ս թրատել շրջանի օղապարանը, ահա սա է դարի հարցը: ԱԺ-ն պետք է անհապաղ արտահերթ նիստ հրավիրի և օրենսդրորեն արգելի աղանդների գործունեությունը ՀՀ-ում: Արցախում դրանք արգելված են: Նշյալ նիստի հրավիրման առաջարկով պետք է որ հանդես գա վարչապետին ենթակա քաղմարմինը՝ ‹‹Քաղաքացիական պայմանագիր›› կուսակցությունը:

Իսկ առայժմ անհրաժեշտ է աննախադեպ վհուկաց որս կազմակերպել ԱԺ-ում և կառավարությունում: Կազմակերպել և պարզել, թե ներկա իշխանակույտի որ անդամը  ինչ դավանանքի հետևորդ է, վկա է, թե ոչ:

Բնականաբար ՀՀ-ում պետական ցանկացած պաշտոն զբաղեցնողները (սկսած Աժ բուֆետի խոհարարից և կառավարական տան մաքրուհիներից` վերջացրած պատգամավորներով ու նախարարներով) պետք է դավանաբանական հայտարարագիր ներկայացնեն, որտեղ հստակ պետք է նշեն` իրենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևո՞րդ են, արդյո՞ք իրենք աղանդավոր են, մի՞թե ոչ այն են, ոչ էլ այս, այլ պարզապես աթեիստ են։