Creative Armenia-ն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարում են «Creative Armenia-AGBU Fellowship» ծրագրի մեկնարկը, որը կօգնի բացահայտել ու աջակցել արվեստի տարբեր ոլորտներում գործող ստեղծարար տաղանդավոր արվեստագետներին, ինչպես նաեւ կնպաստի նրանց առաջխաղացմանը:

«Որպես ազգ՝ մենք իրոք հպարտանում ենք մեր խորաթափանց գրողների, երաժիշտների, կինոգործիչների ու նկարիչների թողած ժառանգությունով։ Բայց միևնույն ժամանակ ի՞նչ ենք մենք անում ապագա ստեղծարար արվեստագետներին բացահայտելու և աջակցելու ուղղությամբ: «Creative Armenia-AGBU Fellowship-երը մեր պատասխանն են այս հարցին», -ասել է ռեժիսոր և սցենարիստ, Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը:

«Այս համագործակցությունն աննախադեպ հնարավորություններ է ստեղծում արվեստագետների համար՝ ընդլայնելու իրենց լսարանն ու ճանաչում ձեռք բերելու Հայաստանում և աշխարհում», -նշել է պրոդյուսեր, ՀԲԸՄ-ի կենտրոնական խորհրդի անդամ, Creative Armenia-ի խորհրդատվական խորհրդի հիմնադիր անդամ Էրիկ Իսրայելյանը:

Ծրագիրն ընդգրկում է նորարար արվեստագետներին ստեղծարար բոլոր ոլորտներից` կինոյի, երաժշտության, գրականության, կերպարվեստի, թատրոնի, դիզայնի, լուսանկարչության։ Մեկ տարվա ընթացքում մասնակիցները կունենան ոլորտի մասնագետների հետ կապեր հաստատելու հնարավորություն, ինչպես նաև իրենց ծրագրերը զարգացնելու, ներկայացնելու և խթանելու մշակված ռազմավարություն: Նրանց կտրամադրվի նաև 5.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Կարող են դիմել ազգությամբ հայ արվեստագետները, ինչպես նաև նրանք, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հայկական մշակույթի նկատմամբ։ Մասնակիցների ներկայությունը Հայաստանում պարտադիր չէ:

Այս ծրագիրը ՀԲԸՄ-ի և Creative Armenia-ի առաջին համագործակցությունն է։ Կազմակերպությունների ռազմավարական գործընկերության մեկնարկը տրվել է մայիս ամսին:

Ա.Ա.