ՊԵԿ օպերատիվ վարչության պետ Կարեն Կարապետյանի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն, նրա լիազորությունները դադարեցված են։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ու հավելել, որ ծառայողական քննության առարկան վարչության գործունեությունն է: 

Վարչությա՞ն: Թող լինի վարչության, սակայն չտեսնել էլ չի լինում, որ թեպետ վարչության աշխատանքն է կասկածներ հարուցել, սակայն առավելապես  Կարեն Կարապետյանի անունն է հոլովվում, իսկ ինչպես գիտենք` առանց կրակ ծուխ չի լինում և միգուցե Կարեն Կարապետյանի նախկինում հարկային դաշտում ծավալած «բեղմնավոր» աշխատանքն է՞ հիմք դարձել տարաբնույթ հրապարակումների համար։ 

Հարկավ շատերն են հիշում նրա կոռումպացված լինելն ու սկանդալային պահվածքը։ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին այս Կարապետյանը Կենտրոնի հարկային տեսչության պետն էր և աշխատանքից ազատվել էր սեփական դիմումի համաձայն։ Հեռացման պատճառը 2014թ «Շարլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած  աղմկահարույց ու մասշտաբային ծեծկռտուքն էր, որին մասնակցել էին մեկ տասնյակից ավելի պաշտոնյաներ։ Հասարակություն «ոսկե սերուցքը» կազմած այս ազնվացեղ ադամորդիների նկատմաբ քրեական գործ բնականաբար այդպես էլ չէր հարուցվել, սակայն տուժող այնուամենայնիվ եղել էր, ու այդ տուժողը մեր հերոսն էր եղել: Ընդ որում թե ֆիզիկապես (գլխին 22 կար էր դրվել), թե նյութապես (հրաժարականի դիմում էր ներկայացրել)։ 

Կասկածելի անցյալ ունեցող Կարապետյանի վերադարձը համակարգ հանրությունը զարմանքով ընդունեց, սակայն պարզվում է  նա անփոխարինելի կադր է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի համար, ում թեթև ձեռքով մեկը մյուսի հետևից համակարգ են վերադառնում «տամոժնյա» Գագոյի սերած ու բտած «արհեստավարժները»:  Թե ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի համար  հատկապես ինչո՞ւմ է այս կադրերի նկատմամբ եղած հիվանդագին շահագրգռությունը, պատասխանի հարցում ժամանակը չենք կարծում, թե իրեն առանձնապես սպասեցնել տա, եթե իհարկե հերթական անգամ չաշխատի աչք փակելու ու, փակելով հանդերձ, «գործը ջրելու» տարբերակը։ 

Սակայն իրողություններից առանձնապես առաջ չանցնենք, վերադառնանք մեր օրվա հերոսին: Հետևելով թևածող լուրերին՝ տպավորություն է առաջանում, որ Կարեն Կարապետյանը լուրջ չէր ընդունել, որ երկրում ահագին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, ռեալ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, որ պաշտոնը ենթադրում է բարեխիղճ աշխատանք, ոչ թե պաշտոնական դիրքի չարաշահում (իրեն պատկանող «Պլենիում» ՍՊԸ-ի համար արտոնյալ պայմաններ է ստեղծել՝ անհարկի ստուգումներ իրականացնելով մրցակից ընկերություններում), ոչ թե սեփական բիզնեսի համար կանաչ ճանապարհ հարթելու միջոց, որ վերևներից ու ներքևներից աչալուրջ հետևում են, որ երկրում իրավիճակ է փոխվել․․․

Իրավիճակի սթափ գնահատման անկարողությունը Կարեն Կարապետյանի մոտ պիտի որ բացատրվեր ընկալունակության հետ ունեցած խնդիրներով, բայց արի ու տես, որ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում նա ավելի քան հստակ շեշտել է իր` կիրառական մաթեմատիկան ավարտած ու գիտությունների թեկնածու լինելը, ճեմարանի շրջանավարտ լինելու փաստը և որ ունի վերլուծական հմտություններ։ Սրանք բաներ են, որոնք պիտի որ  խոսեն անձի լավ տրամաբանության, իրավիճակն արագ ընկալելու, քայլերում արագ կողմնորոշվելու հատկությունների մասին: Պիտի որ խոսեին, մինչդեռ սկանդալային պատմության կիզակետում Կարեն Կարապետյանի հայտնվելը տրամագծորեն այլ բաների մասին է փաստում: 

Գուցե Կարեն Կարապետյանն իրեն թև տվող հզոր բարեկամնե՞ր ունի ու այդ պատճառո՞վ է այսպես անկաշկանդ գործում: Սակայն ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պես քավոր ունենալը պիտի որ չաշխատող գործոն լիներ, որովհետև վերջինս հանրորեն բարձրաձայնել է անգամ իր նկատմամբ անհանդուրժող լինելու մասին: Հավասարապես իրավունք ունենք մտածելու, որ չաշխատող գործոն պետք է լիներ և ռուսաստանաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի հովանավորյալ լինելու պարագան, որովհետև մեզանում կենաց-մահու պայքար է հաստատվում ֆինանսական  սյուների նկատմամբ, եթե, իհարկե,  դրանց ծագումնաբանությունում ընկած է ապօրինի հարստանալը։

Լավ, բայց այս դեպքում ինչպես հասկանալ Կարեն Կարապետյանի այն ասածը, թե «Եկել է մի ժամանակ, երբ առաջնայինն արդարությունն է» ու սրա կողքին, նշանակվելուց կարճ ժամանակ անց, նման իրավիճակում հայտնվելը: Մենք իհարկե, անմեղության կանխավարկածն աչքի տակ ունենալով` այլ բնույթի դատողություններ չենք անում ու ապավինում ենք անաչառ քննությանը, մանավանդ որ Կարեն Կարապետյանի գործով թելերը կարծես թե տանում են…  Սակայն այս մասին հաջորդիվ: 

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ