«Ոսկե ծիրան» միջազգային երեւանյան կինոփառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել բուլղարացի կինոգործիչներ, ռեժիսոր, պրոդյուսեր Իլիան Ջևելեկովը, պրոդյուսերներ Մատեյ Կոնստանտինովը եւ Գեորգի Դիմիտրովը: Վերջիններս Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևայի ուղեկցությամբ հանդիպում ունեցան լրագրողների հետ: Նրանց «Ամենագոն» ֆիլմն ընդգրկված է փառատոնի ծրագրում : «Վավերագրականից բացի փառատոնում մրցութային են նաև խաղարկային ֆիլմերը: Դրանցից մեկը ու թերևս ամենահետաքրքիրը բուլղարական «Ամենագոն» ֆիլմն է», -կարծում է «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

«Կինոնկարը հիմնված չէ իրական պատմության վրա, բայց արտացոլում է իրողություններ, որոնց մենք հաճախ ենք բախվում: Բարձրաձայնել եմ մի շարք հարցեր: Ամենակարևորը ներկայացնում ենք, թե որքանով է հնարավոր նորագույն տեխնոլոգիաների միջոցով հեշտացնել մեր կյանքը», -ասաց ֆիլմի ռեժիսոր Իլիան Ջևելոկովը: Նա նաև նշեց, որ ֆիլմի միջոցով ցույց են տալիս, թե որքանով է հեշտ նորագույն տեխնոլոգիաների միջոցով ներխուժել մարդու անձնական տարածք: Այսօր մեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի ձեռք բերել տեսախցիկներ և կիրառել առօրյայում` հետևելով մարդկանց: Ջևելոկովին առանձանակի ուրախություն է պատճառում հայաստանյան կինոփառատոնին մասնակցելը, քանի որ նրա կինը կիսով չափ հայուհի Է, Անրի Վերնոյի զարմուհին է:

Խոսելով բուլղարական ժամանակակից կինոարտադրության մասին` ռեժիսորը նշեց, որ վերջին շրջանում իրենց կինոն զարգանում է, բուլղարական ֆիլմերը վերջին տարիներին հաջողություններ են գրանցում միջազգային փառատոներում: «Կարող եմ հպարտությամ փաստել, որ մենք եվրոպական երկրների մակարդակի ֆիլմեր ենք արտադրում», -անկեղծացավ բուլղարացի ռեժիսորը: Պրոդյուսեր Մատեյ Կոնստանտինովն էլ հաստատեց, որ վերջին շրջանում բուլղարացիները կինոթատրոններ են այցելում հիմանականում բուլղարական ֆիլմեր դիտելու համար, հետևաբար՝ իրենք ունեն ազգայիոն որակյալ կինո:

Ալեն ԱՎԱԳՅԱՆ