Ինը տարի Մադրիդի «Ռեալում» հանդես գալուց հետո աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Քրիշտիանու Ռոնալդուն, ի վերջ այն լքեց՝ նախապատվությունը տալով իտալական «Յուվենտուսին», թեպետ նրա հնարավոր ակումբների ցանկում հիշատակվում էին բոլորովին այլ անուններ: Ինը տարին քիչ ժամանակ չէ, եթե ֆուտբոլային կարիերայի համար չասենք ահռելի ու միանգամայն բնական է, որ «արքայականից» նա հեռացել է սրտի խոսքն ասած: Լսենք այն՝ առանց միջամտությունների:

«Միգուցե, «Ռեալում» անցկացրած այս տարիներն ամենաերջանիկն էին իմ կյանքում: Միայն երախտագիտություն ունեմ այս ակումբի ու քաղաքի հանդեպ: Բոլորին շնորհակալություն եմ հայտնում այն սիրո համար, որ ստացել եմ այստեղ: Այնուամենայնիվ կարծում եմ, որ եկել է իմ կյանքում նոր փուլ սկսելու ժամանակը: Այդ պատճառով ակումբին խնդրեցի բաց թողնել ինձ: Բոլորին, հատկապես իմ երկրպագուներին խնդրում եմ հասկանալ ինձ:

Այս 9 տարիները հիասքանչ էին ու նաև ծանր, որովհետև «Ռեալում» պահանջը շատ բարձր է: Հիանալի թիմակիցներ եմ ունեցել: Զգացել եմ երկրպագուների անհավանական ջերմությունը, ինչի շնորհիվ վերջին հինգ տարում չորս անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող ենք դարձել: Անհատական տեսանկյունից նրանք ինձ օգնեցին չորս անգամ «Ոսկե գնդակ» ստանամ ու երեք անգամ «Ոսկե խաղակոշիկ»:

«Ռեալ Մադրիդը» գրավեց իմ ու իմ ընտանիքի սիրտը: Այդ պատճառով հատուկ շնորհակալություն եմ հայտնում ակումբի նախագահին, տնօրենին, իմ գործընկերներին, տեխնիկական անձնակազմին, բժիշկներին, ֆիզոթերապևտին և մյուս աշխատակիցներին, ովքեր իրենց աշխատանքով քեզ նույնպես ստիպում են ամեն շաբաթ նույնն անել:
Անվերջ շնորհակալություն երկրպագուներին ու իսպանական ֆուտբոլին: Այս 9 տարիների ընթացքում փայլուն մրցակիցներ եմ ունեցել: Իմ հարգանքն ու հիացմունքն եմ հայտնում ձեզ:

Շատ եմ մտածել, և գիտեմ, որ նոր փուլի ժամանակն է: Հեռանում եմ, բայց այս մարզաշապիկը և «Սանտյագո Բեռնաբեուն» նախկինի պես ինձ հետ կլինեն, որտեղ էլ լինեմ: Շնորհակալ եմ բոլորին: Ինչպես ինը տարի առաջ մեր մարզադաշտում հայտնվելու օրն ասացի... Hala Madrid»: