Գրեթե չկա մի օր, որ «բովանդակալից» չդառնա հեղափոխության երիտթևի մասնակիցներից մեկի ամպագոռգոռ հայտարարությամբ կամ համացանցային գրառմամբ: Ասպարեզում ավելի երկար մնալու և համայն հայության ուշադրությունը սեփական անձի «հանճարեղությանը» գամելու անսանձ ցանկությունը հասնում է ծայրահեղության ու դառնում աբսուրդային: Այդպիսի դեպքի ականատես եղանք մի քանի օր առաջ, երբ դրսևորելով անտակտության հսկայական չափաբաժին՝ «Քաղաքացիական պամանագիր» կուսակցության անդամներից Վազգեն Մանուկյանն իր պարտքն էր համարել մեկնաբանել ճանաչված երգչուհու մահվան լուրը: Մասնավորապես նա մեծ «ուրախություն» էր ապրել, որ ևս մեկ Սարգսյան է հեռացել կյանքից: Միգուցե վերջինս հույս ուներ իր «համեստ» անձի վերաբերյալ ստանալ հասարակության դրվատանքը, սակայն փոխարենն ի ցույց էր դրել իր լիակատար դատարկությունը՝ մտքի նման «փայլատակման» համար ստանալով արժանի հարված վզակոթին:

Էլ ավելի ամբիցիոզ ու սենսացիոն երիտհեղափոխականներից է Դավիթ Պետրոսյանը, ում մտասևեռումները հասնում են մինչև բարձրաստիճան այրեր, սակայն ոչ թե հիմնավորված քննադատությամբ, այլ իրողությունների ընկալման մակերեսային անդրադարձներով: Ի միջի այլոց խիստ հետաքրքրական էր, որ սույն «հարգարժան հեղափոխականին» օգտատերերի ստվար զանգվածը արձագանքեց հեղափոխությանը նրա մատուցած ամենամեծ ծառայությունը՝ կրթական հաստատություններ ներխուժելը, նրա իսկ աչքը կոխելով: Փաստորեն ինչ է ստացվում: Խոշոր հաշվով ստացվում է այն, որ եթե մի ժամանակ կռված տղերքի ձեռքն էինք ընկել գերի, հիմա էլ պիտի հանդուրժենք ցույցերի ակտիվ ջահելների դատարկամիտ հռետորաբանությունը:

Ցավալի է, որ նման երիտասարդները ոչ միայն ստատուսներ գրելով են ուշադրության արժանանում, այլ նաև ստանում են բավականին պատասխանատու պաշտոններ: Տպավորություն է ստեղծվում, որ պաշտոն ու խոսելու իրավունք են ստացել (ստանում) շարժման ժամանակ տեսախցիկի առաջ հնարավորինս ակտիվ դրսևորվածներն ու փողոցային երթը խրոխտ գլխավորածները: Սա հարկավ կարող էր չարյաց փոքրագույնը լինել, եթե նրանցից ոմանք ի ծնե զրկված չլինեին տակտի ու չափի զգացողությունից:

Վիճակի նման անհեթեթությունը սխալ կլինի ներկայացնել հեղափոխության փաստով, սակայն աջ ու ահյակ սխալներ գործելուց առաջ նորաթուխ քաղաքական գործիչները պարտավոր են սթափվել ու հիշել հեղափոխության բարձրաձայնած վեհ նպատակները: Հայությունը ոտքի էր կանգնել ոչ թե նոր, մեծամտության բարդույթով տառապող ու սեփական անձի «գլոբալությունից» շփացած երիտասարդներին ասպարեզ բերելու, այլ նմանատիպ արդեն նախկին մաժորներից ազատագրվելու համար: Նոր կառավարությունը պետք է ջանքեր գործադրի աստղային հիվանդությամբ վարակված դեմքերին էյֆորիայից դուրս բերելու ուղղությամբ, ովքեր ստվերում են նոր իշխանությունների աշխատանքը և կասկածի սերմեր ցանում հասարակության շրջանում:

                                                                                                             Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ