Խարդախության դեպքեր են բացահայտվել Շիրակի մարզում: Դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ քրեական գործ է հարուցվել Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում՝ առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու մեղադրանքով:

Այդ համալսարանի նախկին պրոռեկտորը, ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկանը մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից հետ պահելու համար: Հանցավոր արարքը թաքցնելու նպատակով ուսանողուհուն խոստացել են լուծել մագիստրատուրայի 1-ին կուրսի վարձավճարի հարցը, որը սակայն չի կատարվել: Պարզվել է նաև, որ 2010-2012 ուս. տարիներին, որպես ուսման վճար, կանխիկ հավաքագրվել է մոտ 1 մլրդ. դրամ, որից մոտ 7 միլիոնը մուտքագրվել է դրամարկղ, իսկ մնացածի մուտքագրման վերաբերյալ փաստեր ձեռք չեն բերվել:

Այլ տվալներով 2012-2016 ուստարիների ընթացքում բուհում հրավիրվել է դեկանատների գործավարների ժողով, հանձնարարվել է դիպլոմների ու դրանց միջուկների տպման աշխատանքների համար կազմակերպել դրամահավաք: Յուրաքանչյուր շրջանավարտից հավաքել են 5500 դրամ: Արդյունքում չորս տարում շրջանավարտներից հավաքագրվել է շուրջ 20 մլն դրամ՝ այն դեպքում, երբ դրա համար բուհի բյուջեով նախատեսված են եղել համապատասխան միջոցներ:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ