Երևան քաղաքի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի են ունեցած ապօրինի գործողությունների առնչությամբ հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ևս մեկը գտնվում է կասկածյալի կարգավիճակում՝ այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ պոլիկլինիկայի տնօրենը տեղամասային մանկաբույժին 2015 թվականի հունվարից մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը ներառյալ ձևակերպել է նույն պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչի պաշտոնակատարի հաստիքի վրա և յուրացման եղանակով հափշտակել աշխատավարձը՝ շուրջ 3.200.000 ՀՀ դրամ։ Բացի սա բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ պոլիկլինիկայի տնօրենը աշխատանքի ընդունելու համար պահանջել է նաև կաշառք։ Հուլիսի 2-ին տնօրենը ենթադրյալ հանցագործությունների համար ՔԿ դեպոզիտ հաշվին փոխանցել է 3.500.000 ՀՀ դրամ։ Նշված քրեական գործով հուլիսի 5-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ևս մեկ կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է։

                                                                                                                                            Սոնա ԳԻՇՅԱՆ