Սրանից ուղիղ մի տարի առաջ՝ 2017-ի հուլիսի 8-ին, Մոնղոլիայի նախագահական ընտրություններում հաղթած Խալտմաագիյն Բատտուլգան հուլիսի 24-ից հաշված 49 օր ժամանակ տվեց մոնղոլ օլիգարխներին, որ իրենց փողերն օֆշորներից փոխանցեն ուղիղ «Մոնղոլբանկ»: Կոչն անարձագանք թողնողներին նորընտիր նախագահը խոստացավ գաղտնի հաշիվների մասին տեղեկատվությունը հրապարակել և դրանց ենթարկել պատասխանատվության՝ համաձայն երկրի գործող օրենսդրության:

Հուլիսի 24-ին գումարելով այդ «խորհրդավոր» 49-ը՝ ստացանք սեպտեմբերի 11: Բայց թե ինչո՛ւ հենց 49 օր, ու թե ինչո՛ւ հենց սեպտեմբերի 11, երևի միայն Խալտմաագիյնն ու Չինգիզը գիտեն, ու թե օլիգարխներից քանիսն արձագանքեցին, նույնպես չգիտենք: Ինչևէ: Գոբի անապատի տապից գանք Հայկական լեռնաշխարհի «զովն» ու անդրադառնանք մե՛ր նորընծա իշխանությանը ու կոչ անենք նրան, որ ի՛ր կոչն անի մե՛ր օլիգարխներին՝ փողերը բերեն Կենտրոնական բանկ: Իսկ ավելի ճիշտ՝ մինչև էդ հարց տանք. «Ինչո՛ւ նման կոչ այսօր չի արվում նաև մեզանում: Ինչո՛վ ենք պակաս մենք մոնղոլներից: Նրանք՝ 3 միլիոն, մենք՝ 3 միլիոն, նրանց ՀՆԱ-ն (նոմինալով) 11 միլիարդ, մերը՝ 12: Հետո՞ ինչ, որ իրենք 18 միլիոն ոչխար,17 միլիոն այծ ունեն (մի շնչին՝ 6 ոչխար ու համարյա 6 այծ): Դրա շնորհի՞վ պիտի մեզնից սենց խելացի լինեն: Իրենցն՝ էդքան ոչխար, մե՞զ են դրա տեղ դնում»…

Բանն այն է, որ սրանից-նրանից էսօր գանձվող էդ գումարները օֆշորներում պահված գումարների դեմ սոսկ «իրանց էրեխեքի մառոժնու փողն են»: Փողերը գտեք, էլ բռնելու կարի՛ք անգամ չի լինի. իրանց ոտո՜վ կգան, «չիստասերձեչնին» ձեռին բռնած՝ իրանց ոտով կգան: (Շմայսն ու Շմայսի վառ օրինակը վկա. «ուղղիչ տուն» չմտած՝ տղեն ընե՜նց ուղղվեց, որ օրենքի ահից, «դրուժիննիկ» դարձած, փողոցները ընկած, էրեխեքի ձեռքից «պարսատիկն» է անգամ «առգրավում»-առնում, էրեխեքի ձեռքից անմեղ ջուր կրակող «ջրազենն» է առնում անխիղճն ու ԱԱԾ հանձնում):

Դառնանք կիսատ թողած մտքին: Էդ տղեքի փողե՜րը գտեք: Իրենց թևերն այսօր հենց էդ փողերն են, իրենց թիկունքն այսօր փողը պահողներն են: Հիշեք, որ օֆշորում շատ հնուց եկող անխախտ «ադաթ» կա. օֆշորում ոչ կորպորատիվ հաշվետվություն պահանջել, ոչ հաշվետիրոջ անուն հարցնել կա, իսկ հարկ մուծել կամ չկա, կամ գրեթե չկա. հարկը կամ զրո է, կամ էլ զրոյից շատ քիչ է տարբերվում: Էդ եդեմից քշե՜ք իրենց՝ մերօրյա «ադամ ու եվա» էդ պատկերացրածներին, տեսեք ո՛նց են իսկույն իրենց ոտով գալիս՝ անգամ եդեմի իրենց «հանդերձը» փոխել չհասցրած, ձեռքներին մի ստվար հատոր՝ մեջը իրենց ողջ կյանքը ժամ առ ժամ գրած, բոլոր «թաքուն թռցրած-կերած խնձորները» հատ-հատ թվարկած…

Հայոց թավշյա հեղափոխությունը ողջունող էս ողջ աշխարհը չոր ու ցամաք սենց ողջունելու տեղը թող հաշիվների տե՛ղը «Սիէնէն»-ով ասի, «Նյու Յորք թայմս» -ում ու «Ուոլ սթրիթ ջորնալ»-ում բոլդ արած տառերով առաջին էջին գրի: Ռուսներինը ո՞նց դրին-գրեցին: Կամ գոնե… Նիկոլի ականջի՛ն ասի: Էդ ականջին ասածից մենք պիտի որ վախ չունենաք, որովհետև Նիկոլի ականջին ասած՝ ալամ աշխարհին ասած. արար աշխարհն էդ ասածը կլսի:

Այն թաքուն հույսը, թե հաշիվ փնտրելու գործն ընթացքում է, ուղղակի այն լռելյայն ու անաղմուկ է արվում, ջրե՛ք: Էդ գործը լռություն չի սիրում, օֆշորում հաշիվ փնտրելու գործը պիտի աղմուկով ու աղաղակով արվի, որ հաշվետերերին տեր կանգնողները՝ հաշիվ պահողները, սկսեն խուսափել դրանցից ու էլ դրանց տեր չկանգնեն: Եւ ուստի, էդպես մատնված անտերության, թիկունքից զրկված, իրենց թևե՛րը՝ յոթ կողպեքի տակ պահած իրենց «փակ» փողե՛րը, լայնատարած բացած կգա՜ն, կգան հերթով, անգամ իրար ձեռքից «հերթ» խլխլելով՝ հույս փայփայելով, որ լրիվ քարսիրտ չեն լինի իրենց հանդեպ ու իրենց 20 տարվա «հետ գցածից» գոնե 20 օրվա «հետ գցածը» իրենց կթողնեն: Իսկ էդ 20 օրվա «հետ գցածն» էլ քիչ չէ. էդ 20 օրվա «հետ գցածով» իրենք մի 20 տարի էլ իրենց ողջ ցեղով կարող են գրեթե եդեմում ապրել: Եթե, իհարկե, իրենցից լրիվ հիասթափված Աստվա՛ծ համաձայն լինի. ախր գիտեք թե դրանք միայն մեր ու աշխարհի՞ աչքից են ընկել…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ