Այս գիշեր ոստիկանությունը Մայր Տաճարի տարածքն ազատագրել է «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման մասնակիցներից։ Վերջիններս օրեր առաջ ներխուժել էին Վեհարան՝ այն վերածելով «հեղափոխական շտաբի»։ Համացանցում հայտնված տեսանյութում հստակ երևում է, որ վեհ գաղափարների պաշտպանները լա՜վ էլ ընդմիջումներ են կազմակերպել «Աստծու շնորհած մի կտոր հացով», որն այս դեպքում ավանդական քյաբաբ-խորովածն է։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու 132-րդ գահակալ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջողները հայր Կորյունի գլխավորությանբ բոլոր հնարավոր լրատվամիջոցներով, պարբերաբար պատմում էին կաթողիկոսի հոգևորականին ոչ հարիր վարած շքեղ կենցաղի մասին, սակայն պետք է նկատել, որ ոչ մեկն էլ անմասն չէ աշխարհիկ մեղքերից, եթե հիրավի ընտրյալ չէ։ Մեր Վեհափառի առնչությամբ փաստերը, մեղմ ասած, մի փոքր այլ բաներ են հուշում, բայց թե այս պարագայում այնուամենայնիվ մտորելու տեղ ունենք՝ արդյո՞ք շարժումը Աստծու սուրբ կամքի դրսևորումն է հայր Կորյունի առաջնորդությամբ, թե պարզ ու հասարակ հաշվարկ՝ անձնական հաշիվները պարզելու համար լավագույնս օգտագործել երկրում հաստատված իրավիճակը: