Այժմ ծառայողական քննության առարկա է դարձել Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատանքն ու վարչության ղեկավարի գործունեությունը: Այս մասին հայտնում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Վարչության պետ Կարեն Կարապետյանի լիազորությունները դադարեցված չեն: Այդպիսի ակտ կամ հրաման չկա, քրեական գործ էլ հարուցված չէ: Հիմա ծառայողական քննություն է ընթանում», -պնդում է Անանյանը՝ չմանրամասնելով, թե ինչի համար է այդպիսի քննություն իրականացվում:

Անանյանը ծառայողական քննության արդյունքում իրավիճակի հանգուցալուծման երեք ելք է տեսնում. «Նախ՝ հերքվում է տեղեկատվությունը, Կարեն Կարապետյանն էլ շարունակում է պաշտոնավարել, երկրորդ՝ տեղեկատվության մի մասն է հաստատվում, և քննարկվում է նրա պաշտոնավարման նպատակահարմարությունը, և երրորդ՝ տեղեկատվությունն ամբողջ ծավալով հաստատվում է, և առկա հիմքերով գործն ուղարկվում է Հատուկ քննչական ծառայություն»:

Ինչ վերաբերում է տարածվող այն լուրերին, որ Կարապետյանը մրցակից ընկերություններում ապօրինի ստուգումներ է իրականացրել՝ Անանյանը ընդգծեց, որ այժմ չի կարող գործի մանրամասները բարձրաձայնել: Նա միայն շեշտեց, որ Կարեն Կարապետյանը բարձր պրոֆեսիոնալ է և այս պահին շարունակում է իրականացնել իր գործունեությունը:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ