Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն չի տվել ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը՝ կապված Հարկային օրենսգրքի փոփոխություններիի հետ:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախաձեռնության հեղինակներին առաջարկել է ձեռնպահ մնալ նման փոփոխությունից, քանի որ վերջին մեկ տարում արդեն երկու անգամ փոփոխվել է. «Խոսքը վերաբերում է բազմակի օգտագործման տարաների հարկման ռեժիմին: Հաճախակի փոփոխությունը եւ տեղային լուծումը բերում է նրան, որ սպասվում են ոչ արդյունավետ լուծումներ: Առաջարկում ենք, որ տարաները հարկվեն ավելացված արժեքի հարկով, որ ունենանք արդար հարկման համակարգ: Միակ բանը, որ համաձայն ենք, այն է, որ չի կարելի թույլ տալ, որ նույն տարան երկու անգամ հարկվի, այդ հարցով քննարկումներ ենք անցկացնում»:

Վարչապետ Փաշինյանը հորդորել է առաջարկների հոսք ապահովել, որպեսզի փոփոխությունների նախագծի ձեւավորումը լինի հնարավորինս մասնակցային. «Քանի որ մինչեւ աշուն պետք է աշխատենք այդ փոփոխությունների վրա, պետք է ոչ թե մի խմբով փակվենք մի սենյակում եւ նախագիծ ստեղծենք, այլ փորձենք շահարգիռ կողմերին ներգրավել»:

Վարչապետը շեշտել է նաև, որ կատարվելիք փոփոխությունների նպատակը պետք է լինի տնտեսական միջավայրի բարելավումը՝ նշելով որ այդ աշխատանքները ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ուստի վերջինս պետք է հաշվի առնի բոլոր մտահոգությունները: