Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 10-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանի Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։

Ինչպես տեղեկացնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսհարդը (Շվեյցարիա)։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԲՄՊԽ ղեկավար գնդապետ Վլադիմիր Մինարիկը (Սլովակիա):