«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարվելուց հետո Արա Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով հայցել է հիմնադամի բոլոր նվիրատուների, ողջ հայ ժողովրդի ներողամտությունը։ Հայտարարության մեջ ասված է. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ համազգային վստահությունը և բարի համբավը վեր է ամեն ինչից, որևէ անհատի վարքից ու նախասիրություններից։ Ես այս գիտակցումով եմ 9 տարի ղեկավարել համայն հայության ներուժը միավորող ամենախոշոր կառույցը: Երեկ ես ներկայացրել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում` քաջ գիտակցելով, որ իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը, ինչն անձամբ ինձ համար անթույլատրելի է: Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը: Սիրելի ժողովուրդ, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից: Հիմնադրամի բոլոր հանգանակություններն ունեցե´լ են և ունե´ն իրենց հասցեագրված նշանակությունը, այն է` մեր հայրենիքի շենացումը, Արցախում և Հայաստանում դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ճանապարհների, տների, մշակութային օջախների կառուցումն ու վերակառուցումը: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին սերտ համագործակցության, իսկ բոլոր բարերարներին ու նվիրատուներին՝ մեր հայրենիքի շենացման գործում գործուն մասնակցություն ունենալու համար»:

Գիտե՞ք` մարդկայնորեն անհնար է այս մարդու զղջմանը հավատալ, քանզի անգամ իր համար այս ճակատագրական պահին չունի սեփական մեղքի ընկալման հստակ գիտակցությունն ու դեռ համարձակվում է ասել, թե ակամայից է ստվերվել համահայկական հիմնադրամի անունը:

Հարկավ ներողություն կարող ես խնդրել, բայց ո՞վ կների քեզ` դպրոցահասակ երեխա՞ն, որ խանդավառված իր մեկ օրվա թխվածքաբլիթի գումարն է քեզ ի պահ հանձնել, թե՞ ծայրը ծայրին ոչ մի կերպ չհասցնող թոշակառուն, որ իր գյուղի հոգսերը մի քիչ թեթևացնելու համար իր ստացած երկու կոպեկից բաժին է հանել հիմնադրամին՝ հավատացած լինելով, որ իր գյուղի ջրի խնդիրը կլուծվի:

Այս տեքստը կարդալուց հետո անմիջապես հարց է առաջանում՝ այն գեթ մեկ հասցեատիրոջ կհասնի՞ արդյոք, ներողություն խնդրելով հնարավո՞ր է վերականգնել հիմնադրամի հանդեպ խաթարված վստահությունը։ Դժվար, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հիմնադրամն իր համբավը վերջին տարիներին արդեն իսկ զգալի տեմպերով կորցնում էր։ Նորակառույց ճանապարհների կյանքի կրկնակի-եռակի կարճ տևողությունը, խարխուլ մնացած դպրոցական շենքերն ու անջուր մնացած համայնքները, հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված գումարների մի մասի հորինված ծախսերը՝ օրինակ կազմակերպչական (այդ ծախսերը հովանավորներն են հոգում, իսկ հանգանակված գումարները լրիվությամբ պետք է նպատակաուղղվեին ծրագրերին), հյուրերի համար արվող, աբսուրդի հասնող գումարները (շարքը կարելի է դեռ երկար շարունակել), մարդկանց մոտ տրամաբանական հարց էին առաջացնում՝ ո՞ւր են գնում այդ գումարները։ Եվ ահա օրեր առաջ ԱԱԾ-ի արած բացահայտումը տվեց մարդկանց տարիներ շարունակ հուզող հարցի պատասխանը՝ խաղատներ:

Ճիշտ է, ուշացած ու անօգուտ են «ներողությունն» ու համբավը վերականգնելու ջանքերը, բայց լավ է՝ գոնե հիմա սույն այրը գիտակցում է, որ համազգային վստահությունը վեր է ցանկացածի վարքից ու նախասիրություններից։ Եվ ինչքան էլ անհաղթահարելի նախասիրության տեր Վարդանյանը ներողություն խնդրի Հիմանդրամի անունն «ակամայից» ստվերելու համար և ներողության քողի տակ փորձի վեր երևալ, չի ստացվի։ Վերջ ի վերջո, մարդու արարքները խոսքերից ավելի տպավորիչ են ու երկար են հիշվում:

Արմինե ՍԱՐՈՅԱՆ