Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «հուշել» է, թե հաջորդն ով պետք է հրաժարական տա՝ նկատի ունենալով Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:

Ի պատասխան նրա հուշումին, Վանաձորի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել, թե «Խորհուրդ կարողանում է տալ, թող իրեն խորհուրդ տա: Թե չէ ուրիշներին ուղիներ ցույց տալու մասնագետ է ու միշտ այդ ուղիներում սխալվում է»: Ասլանյանի խոսքով ինքը հրաժարականի հիմքեր չի տեսնում ու իր ամենօրյա աշխատանքն է անում ի շահ Վանաձորի: Ասում է՝ հրաժարականի համար որեւէ պատճառ կա՛մ իր գործողությունների, կա՛մ ժողովրդի հետ, կա՛մ իշխանության հետ իր շփումների կոնտեքստում չի տեսնում:

Էդմոն Մարուքյանն էլ, կարդալով «Ժողովուրդ» օրաթերթում Ասլանյանի այս «կտրուկ մերժումը», այնուամենայնիվ կրկին «հուշել է» նրան, միայն թե՝ այս անգամ, կարծես, ավելի խստորեն. «ՀՀԿ-ի վանաձորյան թերմացքը փորձել է անդրադառնալ իր հրաժարականի մշտական պահանջին... լավ կանեք ՀՀԿ ֆեյսբուքյան գրագիրներին սաստեք, թե չէ ինձ վրա հարձակվելուց ձեր մանդատագող բնույթը չի փոխվում... սպասում ենք հրաժարականիդ դիմումին»:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ