Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ պայքարողների ոգևորությունն ու կամքը վարակիչ էր փաստորեն։ Շրջակա միջավայրին հասցվելիք վտանգը կանխարգելելու հաստատակամությամբ հիմա էլ եղվարդցիներն են փողոց դուրս եկել։ «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի դեմ պայքարողները փակել են գործարանին հարող ճանապարհն ու պահանջում են դադարեցնել շինարարությունը:

«Մենք չենք ուզում նավթ շնչել» պաստառով, «Արմօյլ հեռացիր», «Կանգնեցնել աղետը» վանկարկումներով ակցիայի մասնակիցները փորձում են պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։ Ճանապարհը բացելու ոչ մի խնդրանք կամ հորդոր Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները չեն ուզում լսել:

Իրենց առողջության համար պայքարողները պնդում են՝ մինչև Բնապահպանության նախարարը չգա ու տեղում չհանդիպի իրենց հետ, ոչ մի քայլ հետ չեն գնա։ Դատելով տրամադրություններից՝ նահանջ չի լինելու նաև այն դեպքում, եթե հանդիպումն իրենց ակնկալիքները չբավարարի: